Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/241

Այս էջը հաստատված է
Հ. Հ. Դաշնակցության մասին

Մինչև 1921 ապրիլի 2 դաշնակցությունը երեսուն տարի ապրել ու գործել է Հայաստանում։ Արտասահմանի մեջ նա այսօր իսկ մեծազանգված կազմակերպություն է, բայց մանավանդ՝ լայնատարած մտայնություն։ Իր գործն անցել է պատմության և ոչ մի մարդկային ուժ կարող է ջնջել այն էջերը, որ նա գրել է մեր պատմության մեջ անձնվիրությամբ և արյունով։ Առնվազն երեք սերունդ գործել ու մեռել են նրա դրոշի տակ և այդ դրոշը դեռ ծածանում է հայության վրա, ներսն՝ այլափոխված, դուրսը՝ գունաթափ։ Մեզ համար, որ կերտել ենք նրա գործն ու փառքը՝ դժվար է հիմա խոսել նրա մասին։ Երեսուն տարվա մեր քաղաքական և հանրային կյանքը գունավորել է դաշնակցությունը։ Իր ազդեցությունը մեծազոր է եղել մեր ազգային գործունեության բոլոր մարզերի վրա և դեռ շարունակում է թե բուն երկրում, թե դուրսը։ Ոչ ոք կարող է համարձակիլ այդ ազդեցության բովանդակ հաշվեկշիռը կազմել այսօր. դրա համար պետք էր հատուկ և երկարամյա հետազոտական աշխատանք։ Երբ մենք և մեր հակառակորդները գերեզման իջնենք և խոտ բուսնի մեր հողի վրա, այն ժամանակ կերևան նոր Հայեր, «որ չեն պղծած իրենց լեզուն անեծքով» և կգրեն Դաշնակցության և իր գործի մասին։ Միայն մեկ ժամվան ասպետներն են, որ միամտաբար կարծում են, թե աղմկալից հայհուչով կարելի է պատմական գործերն այլափոխել կամ եղածը չեղած հռչակել։

Հավակնություն չունիմ Դաշնակցության բովանդակ գործը ցուցադրելու։ Մեկ գիծ կուզեմ թանձրացնել, որ նկատելի դառնա նայողին։ Ութսունական թվերին Գամառ-Քաթիպան գրում էր.

Մարմինը զորեղ, և առույգ է հայի,

Բայց ափսո՜ս թմրած է նրա հոգին.

Թե մի օր զարթներ նրա վեհ հոգին...

Ինքն ու Րաֆֆին անդուլ աշխատանքով զարթեցրին այդ հոգին և Դաշնակցությունը մարմին տվեց այդ հոգուն, որ խոյացավ իբր Անդրանիկ, Սեպուհ և Քեռի, Արամ և Իշխան և նրանց ընկերները։ Հերոսական այս սերունդը, որ կատարեց հերոսական գործեր և անմահացավ հայոց պատմության մեջ՝ Դաշնակցության կերտածն էր։ Դաշնակցությունն ստեղծեց մի նոր հայություն - գիտակից և մարտունակ – որով մեր ազգը պատկառելի դարձավ հարևանին և թշնամուն։ Այս հիմնական հեղաշրջման մասին կարող են վկայել նրանք, որ ապրած են ութսունական