Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/243

Այս էջը հաստատված է

բայց մինն անցավոր, մյուսը՝ մնայուն։ Մեծ վարդապետի աշակերտն ես դուն, որի հոգին մշտապես հսկեց անձիդ ու գործիդ։ Նրանից սովորեցիր հայ երգը տարբերել համաշխարհի բոլոր երգերից և այդ երգը դարձնել հանրության սեփականություն։ Եվ ուրիշ հայ երգահանների գործերի մեջ գնահատեցիր այն երգը միայն, որ զուգընթաց էր հայոց բուն երգին։ Կարծեցիր, և իրավամբ, որ հայերը հայ կմնան, որչափ իրենց բուն երգով սնանին, ուստի ջանացիր ամեն տեղ հայ երգի վայելքին մասնակից անել հայ հանրությունը։ Դրա համար քեզ պետք էր մի ճկուն ու հնազանդ գործիք - մի երգչախումբ - որ դու հաջողեցիր ամեն տեղ կազմել մեծ համբերությամբ և մեծ վարպետությամբ, մինչև եվրոպական նուրբ ճաշակները գոհացնելու աստիճան։ Այդ խումբի մեջ մեծարժեք եղավ «Գուսան» երգչախումբը, որովհետև հնար ունեցար երկար ժամանակ աշխատելու նրա պատրաստության վրա և ցուցադրելու խմբավարության քո մեծ կարողությունը լիովին։ Եգիպտոս, Կիպրոս, Սուրիա և Լիբանան երախտապարտ են այն բարձր և ազնիվ վայելքի համար, որ դու տված ես քո մարզած երգչախմբերով, և այն հայեցի հոգու և հայրենական զգացումի համար, որ ներշնչած ես վարդապետի երգերով։ Մեծ է այս մարզի մեջ քո վաստակը, բայց ավաղ, անցավոր։ Ոչ ավելի, քան մի մեծատաղանդ դաստիարակի կամ դերասանի գործ։ Անշուշտ, ով բախտն ունեցած է ունկնդրելու քո համերգներին՝ մինչև խորին ծերություն պիտի զգա նրանց հմայքն ու հետքն իր հոգում, բայց հրաշագործ ձեռքիդ շարժումի հետ դադարելու է և հրաշագործ վարպետիդ ազդեցությունը։ Մենք եկած ենք, սակայն, տոնախմբելու նշանավոր խմբավար Կանաչյանի հոբելյանը, որ իր համերգները դարձուցած է ազգապահպանության և ազգային գիտակցության մի զորավոր ազդակ և որ նկուն հային ներշնչած է ազգային հպարտանք սեփական երգի հարստության հանդեպ և օտարներին պարտադրած է մեծարանք ու հարգանք հայ երգի համար։ Ոչինչ կարող էր միացնել կոտորակված հայությունը, քան միևնույն հայ երգը, որ ներշնչում է բազմազան ոգիներ և միապես հուզում է այլամետ սրտեր։ Ոչինչ կարող էր սիրտ տալ տարագիր հայության, որ ճողոպրած էր ստույգ մահից, որ կրած էր քաղաքական խորին հուսաբեկություն՝ քան հաղորդությունը հայ երգի, որ նույն է թե՝ հայ հոգու։ Այդ երգի մեջ նա տեսավ իր ինքնությունը, իր անմար անցյալն ու հուսալից ապագան և կքած ծունկերը զորացան և լքված սիրտը նորից հոգով բաբախեց, թև առավ հայ հոգին և այսօր կենդանի է հայությունը, Սասունցի Դավթի պես, որ դուրս է եկած ոսոխի փորած քառասուն գազ հորից։ Հայ հոգեբանության այս վերափոխության մեջ