Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/244

Այս էջը հաստատված է

մեծ է քո և քո վարած երգչախմբերի դերը, սիրելի Կանաչյան։

Բայց դու իմ աչքին շատ ավելի մեծ ես՝ քան մի մեծատաղանդ խմբավար։ Դու ստեղծագործ ես և ոչ հետևակ։ Դու ոչ միսւյն մշակույթն ես հանրացնում, ինչ որ մեծ գործ է, այլև հարստացնում ես այդ մշակույթը։ Մեծ վարդապետը գտավ հայ երգը ու բազմաձայնեց։ Բազմաձայնելու իր արվեստը եղավ անձնական և կհամարձակվիմ ասել՝ հայկական, իսկ երգերը պահեցին իրենց տոհմիկ բնույթը։ Նա ժամանակ չունեցավ հայ երգի հետքերով հեռուները գնալու և նոր նվաճումներ անելու։ Անկոխ էին ճամփաները, բայց դու խիզախեցիր առաջ անցնել և հայ երգի զուսպ տվիքը լայնորեն բանալ և նրա թաքուն կարողությունները երևան հանել՝ նորահնար, բայց հայատիպ դաշնակության մեջ, հորինելով նոր խմբերգ և ծավալուն քերթվածքներ ձայնական։ Վարդապետը քեզ իր երգով խորապես և նորապես հայացուց և դու երաժշտապես հայացած՝ իբրև հայ մարդ ստեղծագործեցիր նոր արժեքներ, դաշնավոր և հայատիպ։ Դու նոր գանձեր բերիր մեր երաժշտական մշակույթին։ Եթե իբրև խմբավար մեծարժեք, բայց անցավոր է քո գործը, իբրև երգահան քո գործը մնայուն է և անունդ անկորուստ։ Մեծ բարեբախտություն է մեզ համար վկայել այդ մասին և կարծեք հաղորդվիլ հայ մշակույթի հավերժության։ Այս արժեքների ստեղծագործության մեջ դու երևացիր իբր մի կենդանի արվեստագետ, հաղորդակից ազգի ապրումներին և ճակատագրին։ Օրորի մեջ հայ անձնվեր մոր պատկերն ես գծած ձայների վրձինով, հայոց մայրը, որ հավերժությունն իսկ է իր ծնունդներով և անձնվեր հոգածությամբ։ Հայ ժողովրդի սերն ես ցուցադրած քո Հոյնարի և Տալիլո-ի մեջ։ Դու հեղինակած ես հայոց լավագույն քայլերգը, որ շնչում է իրապաշտ կորով ու վճիռ, վերջապես քո Նանորը հոյակապ իղձն է Սփյուռքին և բովանդակ հայության իր վերջնական հայրենիքը դառնալու և իր հազարամյա սուրբից իր իղձերին կատարած աղերսելու։ Իբրև հայ մարդ և հայ երգով հայացած՝ դու սփռած ես հայության հայոց բուն երգը, բայց իբրև երգահան դու նույն հայացած հոգով ապրած ես հայ մարդու ճակատագիրը, սրտիդ ձայներով արձագանք տված ես նրա վշտին, տրտմության, հաղթանակին և լույսին, ձայների հմայիչ դաշնակությամբ արտահայտած ես նրա իղձերը։ Դու ձայներով պատմագրած ես մեր ժամանակը, այդ ժամանակի հետ միասին քո գործն ու անունը պետք է մնան հայոց մշակույթի պատմության մեջ։

Մեծ է քո ծառայությունը՝ մատուցված Սփյուռքին, բայց քո տեղն այստեղ չէ, այլ այնտեղ, ուր հանգչում են վարդապետի ոսկորները, ուր ապրած է այն ժողովուրդը, որ վարդապետին հայացուց իր երգով և շարունակում