Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/246

Այս էջը հաստատված է

դեռ չունինք հայրենիք, ուր բոլոր հայերը խմբիլ կարենան՝ մենք ստիպված ենք մնալ օտար միջավայրերի մեջ։ Օտար միջավայրը նյութական, իրավական ու բարոյական ամեն հնար ունի մեզ կլանելու՝ մինչև իսկ առանց հատուկ հետապնդումի։ Ապրուստի հոգը, զավակների ապագան, ապահով կենցաղի պահանջը և քաղաքակրթական հակումների գոհացումը անզգալապես մղում են հայ մարդուն ուծանալու իր ազգային զանգվածից և անձամբ տնօրինելու իր անձնական կյանքը, որ աստիճանական ձուլումով միայն կարող է դառնալ բնականոն։ Երբ ամեն մի հայ դառնա այն երկրի քաղաքացին, ուր ապրում է, իր զավակներին տա այն երկրի կրթությունը, ուր ապաստան է գտած, ապրե այն պետության քաղաքական կյանքով, որի քաղաքացին է դարձած և գոհանա այն մշակույթով, որ ծաղկում է իր շուրջը - բոլոր խնդիրները կլուծվին և բոլոր խոչ ու խութերը կհարթվին, բայց միաժամանակ կչքանա և հայ զանգվածը իբր ուրույն ազգություն, ուրույն բարք ու լեզու և ուրույն հոգեբանություն։ Անհատական տեսակետով բոլոր խնդիրները կլուծվին լավապես, բայց ազգային տեսակետով վատթար հետևանքների կհասնենք։ Որքան անգիտակից լինի հայ զանգվածն իբր հայ, այնքան դյուրին կընթանա յուր ձուլումը, որքան պակսի կամքը հայ մնալու, այնքան ավելի շուտ նոր սերունդը կօտարանա, որովհետև թեև ծնողը կդժվարանա իր ժառանգած ազգային կերպարանքը փոխելու, բայց արգելք չի կարող դառնալ զավակների ապազգայնացման, եթե, կրկնում ենք, պակսի հայ մնալու կամքը և անձնական բարեկեցության մտահոգությունը հաղթե ազգային կերպարանքի պահպանության պահանջին։ Այսպիսով իրենց խորքի մեջ լավ հայեր՝ կատարած կլինեն ազգային վատ գործ, միշտ ազգ ու հայրենիք մտորելով և ավաղելով՝ իրենց զավակներին օտարացման կմղեն իրենց իսկ ձեռքով, ասելով թե, նախ՝ «միջոց չունեն» և ապա «ապրել պետք է»։

Այս վիճակի համար է ասված, թե «ոչ կարեք Աստուծո ծառայել և մամոնայի»։ Կարելի չէ հայ մնալ առանց զրկանքի և ոչ զրկանքից ազատվել առանց հայությունը խաթարելու և ապա կորցնելու։ Միայն սակավաթիվ մարդիկ՝ զորավոր ազգային գիտակցությամբ՝ կարող են ամեն ինչ զոհել հայ մնալու համար։ Բայց մի քանի մարդ ազգ չեն և լինել չեն կարող, որքան և բարձրորեն գիտակից հայ լինեն և վճռեն հայ մնալ մինչև իսկ հետին նեղության մեջ։ Կացությունն ինքնին ծնունդ է տալիս պատեհապաշտ բարքի և հոգեբանության և աստիճանաբար մշակում է լևանտենի տիպարը։ Ոչ ոք կարող է խորապես հայ մնալով հաջողել օտար աշխարհի մեջ, եթե մենակ է կամ սակավաթիվ համամիտներ ունի: