Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/248

Այս էջը հաստատված է

նաև հայ պաշտամունքով։ Կառչել Աստծուն և ուրանալ մայրենի լեզուն՝ ազգադավություն է, մտահոգվիլ հոգու փրկությամբ և անտես անել ազգի ազատությունը՝ նույնպես։

Ազգային-քաղաքական տեսակետով ամեն մի հայ մի ուժ է հայության համար՝ անկախ իր դավանանքից։ Դավանանքը անհատական խղճի գործ է, մինչդեռ ազգային-քաղաքական գիտակցությունը պարտադրանք է, որից խուսափողը հայրենի ցանկը քանդող պիտի նկատվի՝ բոլոր դավանությանց պատկանող հայերի աչքին։ Հարանվանական գիտակցությունից վեր պիտի տիրաբար իշխե ընդհանուր և համազգային մի ուրիշ գիտակցություն՝ ազգային-քաղաքական։

Մեր առջև գործունեության ընդարձակ հորիզոններ կան բացված, տարադավան հայերին բերել այն գիտակցության, որ բոլորը միևնույն հին ազգի զավակներն են և բոլորը ստորադաս վիճակ ունին այս աշխարհի մեջ՝ ազգային եկեղեցու զավակներին հավասար։ Որ բոլոր հայերը ստորադաս են ոչ թե որովհետև տարադավան են, այլ որովհետև ազգային ազատություն չունեն, հետևապես բոլորի պարտականությունն է մտահոգվիլ բովանդակ ազգի քաղաքական ազատության համար առնվազն այնքան, որքան մտահոգ են իրենց հոգիների փրկության համար իրենց դավանանքի միջոցով։ Ազգային գիտակցության այս բարձունքին պետք է հասնեն բոլոր դավանությանց պետերը և այս ոգով պետք է դաստիարակեն այն հոտը, որ վարում են իբր կրոնական պետեր։ Դավանանքը կարող է արդյունք լինել ազատ քննության, ինչպես ավետարանական եկեղեցու մեջ, եկեղեցին կարող է ազատ համայնք լինել, կամ խստորեն կարգապահ և հնազանդ մի գերագույն պետի, բայց այս հանգամանքը պետք չէ արգիլե, որ բոլոր հայերը գիտակցեն իրենց քաղաքական իրավազրկումը և ձգտեն, իբր ուրույն ազգ, նույնիրավ անդամը դառնալ մարդկային մեծ ընտանիքի, ունենալով իրենց սեփական հայրենիքը և ազգային պետությունը։ Եկեղեցական տեսակետով, եթե ոմանք անիշխանական են, ոմանք տարիշխանական՝ ազգային տեսակետով ամենքը պետք է դառնան հայիշխանական։ Այս ուղղությամբ հայությունը դուրս կգա հարանվանական նեղ սահմաններից, ուր նա դավանակից է միայն, և կբարձրանա քաղաքական մտածության ոլորտը՝ դառնալով քաղաքացի հայոց տենչալի պետության։ Այդ պետությունը ստեղծվել չի կարող, մինչև ամեն հայ նույնքան զորապես չզգա քաղաքացիության պահանջը, որքան զորավոր է իր հոգու փրկության տենչը։ Աշխարհն անցավոր է անշուշտ և ամենքս մահկանացու, ներելի է, որ մարդ մտահոգ լինի իր հանդերձյալ կյանքի մասին, բայց