Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/25

Այս էջը հաստատված է

լեզուն է, բայց ոչ արքունիքի, այլ նախարարական տուներու և միջավայրի, որ անմիջական շփման մեջ են շինական դասակարգի և մանր ազնվականության հետ. ուստի ավելի ընտանեկան է և հանրային։ Հատկապես Ղազար, որ ապրած է Կամսարական միջավայրի մեջ և Վահանին եղած է սննդակից, վարժված կհետևի անոնց խոսք ու զրույցին։ Իր կրթությունը որոշ բարձրության վրա կպահե այդ լեզուն, բայց գործող անձերու բերնին մեջ արդեն ռամկունակ է, աշխարհաբարի տարրերով, բայց առույգ և աշխույժ։ Դարավերջի ընթացիկ և կենդանի խոսվածքն է, որ ոչ Փավստոսի առատաբան և բանաստեղծական լեզուն է, ոչ Ագաթանգեղոսի մեծափարթամ և արքունի դիվանական բարբառը, ոչ Ս. Գիրքի ազնվական և պայծառ զրույցը։

Ամբողջական երկեր, հ. IV, էջ 351-381


Սայաթ-Նովային հետ

Մտադիր եմ այս նոր պարբերականի[1] ընթերցողների հետ զրույց անել Սայաթ-Նովայի մասին, մեկնելով նրա երգերը թե լեզվական-բանասիրական և թե գրական-հոգեբանական տեսակետից։ Այս գործի համար ես ունիմ մի քանի հարմարություններ, որ մտադիր եմ օգտագործել, և որ ինձ թույլ են տալիս հանդգնելու մեկնաբանը դառնալ մեզանից երկու հարյուր տարի առաջ ապրող այդ մեծատաղանդ աշուղի ստեղծագործության։

Ես ծնած ու մեծցած եմ նույն այն քաղաքի - Թիֆլիսի– և նույն այդ թաղի մեջ - Հավլաբար, ուր ծնած և ապրած է Սայաթ-Նովան։ Իր մահն իմ ծնունդեն բաժանում է ութսուն տարի, բայց իմ մանկության շրջանին Թիֆլիսը դեռ պահում էր շատ հին հետքեր անցյալ շրջանից և իմ տեսած նիստ ու կացը շատ չէր հեռացած արքայական շրջանի Թիֆլիսի կյանքից։ Ճիշտ է, չկար վրաց թագավորությունը, դրա փոխարեն իշխում էր ռուսը, չկար և զորավոր պարսկական ազդեցություն, բայց ժողովրդի կյանքը նոր միայն սկսած էր փոխվիլ և նիստ ու կացը դեռ հնամենի էր։

Մեր թաղի եկեղեցին էր այն Խոջի վանքը, որ ԺԷ. դարուն շինած էր Խոջայ Բեհբուդը, Բեհբուդյան իշխանական տան հիմնադիրը, որի լայն շրջաբակի մեջ թաղված էր Սայաթ-Նովայի կինը և ուր հավանորեն

  1. «Ազդակ Շաբաթօրեակ», Պեյրութ։