համար բավական է մշակածի ըմբռնումը և հանրացումը։ Բնորոշել ազգային «ոգին», այսինքն մտածումի, զգացումի և կամեցողության այն ուրույն կերպերը, որ հատուկ են հայության՝ գիտունի, արվեստագետի և քաղաքագետի գործն է։ Գիտունն է, որ հետախուզելով այդ «ոգին» իր արդեն իրացած ձևերի մեջ - բարքի, պատմության, իրավունքի, հավատքի, արվեստի և տնտեսության՝ զատորոշում է բուն ազգայինը եկամուտ ազդեցությունից։ Արվեստագետը սնվելով այն բարձունքներից, ուր հասած է ազգային «ոգին»՝ ստեղծագործում է նորը, բայց միշտ նույն «ոգով», որ փչում է ազգի ապրուն կամ ապրած երկերի մեջ՝ լինին նրանք նվագ, թե երգ, շենք, թե քերթվածք, նկար, թե զարդ։ Քաղաքագետը հետազոտելով ազգի անցած ուղիները և նրա առձեռն կարողությունը՝ ստեղծում է նոր հարմարություններ տիրող կացությանց և ընթացք է տալիս ազգի հավաքական ճիգին։ Ժողովրդի գիտակից խավերը, որ ընդունակ են ըմբռնելու, բայց ոչ ստեղծագործելու՝ յուրացնում են յուրացնելին և ծավալում հանրության մեջ, ստեղծելով նոր բարք և նոր մտայնություն և նոր պահվածք ու վարմունք հանրային և մասնավոր կյանքի մեջ։ Այստեղ դեր ունեն և ազգային եկեղեցու ստեղծագործ վարիչները, որ ավանդական դավանանքին տալիս են նոր մեկնություն և եկեղեցական կյանքին նոր ձևավորում, բայց միշտ այն «ոգով», որ իրացած է պատմության մեջ իր ժամանակին հարմար ձևերով։ Մշակելով ավանդությամբ մեզ հասածը, որ ասել է՝ նորն ստեղծելով, ազգի գործերը - լինի ստեղծագործություն, թե ստեղծածի հանրացում - պիտի կատարվեն մի գերագույն հրամայականի ստորադաս, որ է ազգի գոյության և ուրույնության պահպանությունը և պաշտպանությունը։ Որքան հայն իրան զգա հայ և ուրույն ազգ, քան մյուս ազգերը, այնքան պակաս կարևորություն կստանա այս կամ այն ավանդական պիտակը, որովհետև մանուկը չի դադարում նույն մարդը լինել, թեև արդեն մազ ու մորուք ունի և տարբերվում է իր նախորդ վիճակներից. նույն ոգին է նա և նույն մարմինը՝ բարգավաճ, թե ազազուն, նայած կյանքի պայմաններին։
Այս հիմնական գաղափարների վրա պետք է կառուցվի մեր ժամանակի ազգային կյանքը և այս սկզբունքներով պետք է ղեկավարվի մեր հանրային գործունեությունը։