Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/252

Այս էջը հաստատված է

Լեզվաբանություն


Դիտողություններ հայոց լեզվի մասին

Մեր մարմինը մենք բերում ենք անհիշելի դարերից։

Այսօրվան գեղադեմ տիկինը և բարեկազմ պարոնը սերում են հին այրաբնակ և ծառաբնակ կենդանակերպ զույգից։ Նյուտոնի հանճարը իբր կարողական զորություն արդեն նստած էր քարի շրջանի մարդու գլխի մեջ, մեկը մյուսի բնական զարգացումն է։

Մարդկային մտածումը գործում էր և այն ժամանակ, երբ կենդանաձև մարդն առաջին անգամ անողորկ կայծքարն սկսեց իբր զենք գործածել։

Նույն մտածումն էր, որ կապվեց այս ու այն ձայնախմբին և ստեղծեց բառեր ու լեզու։ Մեր այսօրվան հոդավոր լեզուն իր տարերքն առած է կենդանաձև մարդու անորոշ ձայներից։

Լեզուն այլ բան չէ, քան ձայնական նշանների մի համակարգ, որ արտահայտում է մտքեր, զգացումներ ու կամք։ Նա մտավորական ճիգի արդյունք է. և հեռավոր սերունդների մտավորական աշխատանքը խտացած է այսօրվան լեզվի մեջ, ինչպես մեր մարմնի և հոգեկան կարողությանց մեջ խտացած է անհամար սերունդների քաղաքակրթական ճիգը։

Ամեն մի նոր սերունդ փոփոխում է լեզուն՝ ձգտելով հավատարիմ մնալ ավանդաբար ստացածին։ Ոչ ոք կարող է տեսնել մազի կամ եղունգի երկարանալը, թեև ամենքը կարող են նկատել, թե մազն ու եղունգը երկարացած են։ Երևույթի ընթացքը հաճախ մեզ չի երևում, բայց արդյունքը դյուրին է տեսնել։

Մարդկային աչքն ու ականջը սահման չունեն։ Լարի թրթիռները պետք է որոշ քանակ ունենան, որ ձայն համարվին և երանգները պետք է որոշ զորության հասնեն, որ գույն նկատվին։

Բայց այս չի նշանակում, որ նկատելի աստիճանների հասնելու համար ձայնն ու երանգը աննկատելի աստիճաններով չեն անցած։ Այդպես է և լեզուն. նա փոխվում է ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ, բայց աննշմար չափով, աննկատ, մինչև տարիներ հետո նկատում ենք, որ լեզուները տարբեր են արդեն։ Հին աւ-ը մենք հիմա հնչում ենք մաքուր օ, հին աւրը-օր։ Բայց թե ե՞րբ և ինչպե՞ս աւօ դարձավ՝ ոչ ոք կարող է ասել։