Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/258

Այս էջը հաստատված է

շեշտն եղած է բառերի վերջին վանկի վրա - հայտնի չէ։ Որևէ հիմք իրենք չեն բերում և մենք չգիտենք։ Թվում է, թե սովորել ու տեսել են այդ շեշտադրությունը և բանաձևել են սովորույթը։


* * *

Գրաբարի շեշտադրությունը մի չքացած երևույթ է։ Թե ինչպես էին շեշտում բառերը Ս. Սահակ և Ս. Մեսրոպ մենք չգիտենք։ Այս մասին կարելի է միայն ենթադրություններ անել և դատողական ճամփով որևէ եզրակացության գալ։ Ա. Մեյեն և Ն. Մառը ընտրած են այս ճամփան։

Համեմատելով հայերեն բառերը հնդեվրոպական ուրիշ լեզուների բառերի, ինչպես և նրանց ենթադրական նախաձևերի հետ՝ Ա. Մեյե նկատում է, որ հայոց բառերը մի վանկով կարճ են, քան օտար բառերը։ Նկատում է նաև, որ այդ բառերի կերպարանքը էական փոփոխությանց ենթարկված է հայ հողի վրա։

Այս երևույթներին կռթնած՝ նա հորինում է իր տեսությունը հին հայերենի շեշտադրության մասին. «Հնդեվրոպական բառերի կերպարանքը էական փոփոխությանց է ենթարկված հայ հողի վրա շեշտի շնորհիվ։ Պատմական շրջանից բավական առաջ հայերենի մեջ հաստատված է ուժգնության մի շեշտ - անկասկած զորեղ - հնդեվրոպական բառերի վերջընթեր վանկի վրա»։ «Այս ուժգնությունը երկու գլխավոր հետևանք է ունեցած», նախ՝ հնդեվրոպական բառերի վերջին վանկի ձայնավորները սղված են, որի հետևանքով այդ բառերն սկզբունքով մի վանկ պակաս ունեն հայերենի մեջ։ Օր. սանսկրիտ panca (երկու վանկ) հայերեն հինգ (մի վանկ)։ Սրա հետևանքով բոլոր հայերեն բառերը շեշտված են վերջին վանկի վրա (որովհետև հին բառաձևի վերջին վանկերը սղված են պատմական շրջանից առաջ - Ն. Ա.) և այս շեշտադրությունը շարունակում է մնալ բարբառների մեծ մասի մեջ։ Նոր լեզվի մեջ սակայն, ասում է նա, նկատելի է մի երկրորդական շեշտ, որ զարկում է առաջին վանկին, այս երկրորդական շեշտը բավական հին է. Կիլիկյան հայերենի «հաւտամ» ձևը, որ ծագած է հին «հաւատամ» ձևից՝ կարող էր կազմվել այն դեպքում միայն, եթե «հաւատամ» բառը շեշտվեր նաև առաջին վանկի վրա իբր «հա՛ւատա՛մ»։

Վերջընթեր վանկը շեշտելու երկրորդ հետևանքն այն է, որ շեշտված վանկին նախորդող վանկի ձայնավոր տարրերից մի քանիսը ենթարկվում են փոփոխության, ինչպես ի և ու, որ դառնում են ը և այլն։ Ա. Մեյեի ասածն այն է, ուրեմն, թե նախքան գրերի գյուտը հայ բառերն ուրիշ կերպարանք ունեին - մի վանկով ավելի երկար էին և շեշտում էին վերջընթեր