Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/259

Այս էջը հաստատված է

վանկը, սրա հետևանքով վերջընթեր վանկերը սղվեցին կամ չքացան և դասական շրջանում բառերի շեշտը վերջին վանկի վրան էր արդեն։ Այսինքն՝ սա ևս նույն կարծիքին է, ինչ որ մեր երեք գիտունները։ Բայց նոր է իր այն կարծիքը, թե հայերեն բառերը հետագային ունեցած են և մի ուրիշ, երկրորդական շեշտ, որ զարկում էր առաջին վանկին[1]։

Ն. Մառ անշուշտ նույնպես լսած ու կարդացած էր, թե հայերեն բառերի շեշտը վերջին վանկի վրա էր։ Բայց նա դիտում է մի շարք երևույթներ, որ դժվար է բացատրել այդ տեսությամբ։ Նա հորինում է իր տեսությունը հին հայերենի շեշտադրության մասին, կարծում եմ Ա. Մեյեից անկախ, որովհետև երկուսն էլ իրենց քերականությունները լույս են ընծայել միևնույն տարին (1903)։ Նա գրում է. «Հին հայերենի մեջ շեշտը դրվում է վերջընթեր վանկի վրա։ Եթե որևէ ձև կազմելու համար բառը երկարած է մեկ կամ ավելի վանկով, ապա շեշտն ևս դրա համեմատ փոխադրվում է նոր տեղը, բայց նա այնուամենայնիվ դրվում է վերջընթեր վանկի վրա՝ հաշվելով վերջից»։

«Հասկանալի է,– շարունակում է Ն. Մառ,– ասելով վերջից երկրորդ կամ վերջընթեր վանկ՝ պետք է պատկերացնել բառի նախավոր կերպարանքը։ Հետագային վերջին վանկը շեշտ չունենալով, ոչ միայն թուլանում էր և եթե ձայնավորը սղելով դառնում էր ը՝ վանկն իր հերթին դառնում էր ծածուկ (այսինքն չգրվող ը-ով վանկ, ինչպես՝ ոսկ(ը)ր, գառ(ը)ն և այլն. - Ն. Ա ), այլ երբեմն բոլորովին չքանում էր, ուստի և վերջից երկրորդ վանկը դառնում էր վերջից առաջին վանկ, այսինքն՝ վերջին վանկ։ Այնուամենայնիվ հայոց շեշտադրության նախավոր տեղը - վերջընթեր վանկը - մթագնած չէ դեռևս գրաբար լեզվի մեջ. դեռ ավելին՝ հայոց շեշտադրության այս հիմնական դրությամբ միայն բացատրելի են ամենից ավելի բնորոշ երևույթները գրաբարի քերականության»[2]։ Այնուհետև նկատում է, թե հին հայերենի շեշտադրական կարգը պահված է Ղազախի բարբառում, որ շեշտում է բառերի վերջընթեր վանկը, բայց դա արդեն գրաբարի վերջընթեր վանկը չէ, որ դարձած էր վերջին, այլ շեշտը մի վանկ առաջ է քաշված։ Եթե, օրինակ, հին ձևը «քաղաք» բառի «քաղաքի» էր (համ. վրացերեն «քալաքի»)՝ գրաբարը շեշտում էր վերջընթեր վանկը - «քաղա՛քի», ուստի բառը իր վերջին անշեշտ ձայնավորը կորցնելով՝ դարձած էր «քաղա՛ք». իսկ ղազախցին այս նոր բառի վերջընթեր վանկն է շեշտում ասելով «քաղա՛ք», որ հնագույն «քաղաքի» ձևի վերջինից երրորդ վանկն է և ոչ թե երկրորդը։

  1. Տե՛ս A.Meillet, Esquisse d'une grammaire comparée del’arménien classique, էջ 1-2։
  2. Ն. Մառ, Քերականություն հին հայերեն լեզվի (ռուսերեն), էջ 34-35: