Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/26

Այս էջը հաստատված է

մկրտված էին Սայաթ-Նովան և իր զավակները։

Գուցե այդտեղ նաև պսակված էր նա Մարմար անունով կնոջ հետ։ Հազիվ գրակարդաց՝ այդ վանքի աջ պատին, ներսից, արևի կամ մոմերի աղոտ լույսով հաճախ փորձած եմ կարդալ. «Ես Խոջա Բեհբուդը»... ճգնելով վերծանել խունկի ծուխից սևցած գրերը, որ պատիվներով բեռնավոր հորինում էին ինձ անծանոթ և խժական բառեր։

Մեր թաղին մեջ ես տեսած եմ ջուլհակներ, որ շարունակում էին Սայաթ-Նովայի արհեստը, նրա պես իրենց տան մեջ մաքոք շարժելով և փողոցի մեջ հենքը կազմելով։ Հաճախ անցած եմ, քաղաքի մեջ, այն նեղ փողոցով, ուր խարազները (ասիական քոշկարներ) կարում էին չուստ (յամանի) ու ծուղա և կանանց գեղեցիկ քոշեր՝ զարդարուն երեսով, և աշխատանքի կշռույթին զուգահեռ՝ երգում էին իրենց իսկ հորինած սիրային կամ ծաղրական երգերը, որ իրենց աշակերտները, երեկոյան, թնդացնելով փողոցներն իրենց զիլ ձայնով, տանում, տարածում էին Հավլաբարի ամենախոնարհ և աղքատիկ տնակները։

Շատ անգամ իմ բարեպաշտ մորս քղանցքը բռնած՝ «համբուրելու» գնացած եմ բերդի Ս. Գևորգ հնադարյան ու բարձրաշեն եկեղեցին, որ գտնվում էր Թիֆլիսի միջնաբերդի՝ Ղուրչաղալայի կիսավեր պարսպի տակ։ Այդ եկեղեցու սեղանին առջև սպանած էին Սայաթ-Նովային՝ աղոթքը բերանին։ Դեռ Թիֆլիսի մեջ շատ մոքալաքներ կային իմ մանկության ժամանակ, այսինքն պատվավոր և բնիկ քաղաքացիներ, որ վերից էին նայում եկվոր տարրին, որ ռուս տիրապետության հետևանքով սկսած էր խուժել Թիֆլիս և վերափոխել կյանք ու կենցաղ։ Այդ կռոները (այդ արհամարհական անունն էին տալիս եկվորներին բնիկ քաղաքացիները), շուտով այնքան շատացան, որ բնիկը քաշվեց իր պատյանի մեջ, բայց իմ մանկության շրջանին դեռ լայնորեն հնչում էր Թիֆլիսի բարբառը և տիրում էին հին բարքերը հատկապես բնիկ տարրի մեջ։ Նրանք երկլեզու էին. վրացերենը մայրենի լեզվի պես գիտեին և հայ ու վրացի շատ մտերիմ էին։ Շրջակա սրբատեղիները– Թելեթի, Ծղնեթի և Շահնաբադի եկեղեցիները իրենց տոնական օրերին հայ ու վրացի ուխտավորներով լիքն էին. իսկ Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի գերեզմանը, որ գտնվում էր Թիֆլիսի Մետեխ կոչված ամրոցի մեջ (որ ռուսները բանտի վերածած էին), հավասարապես հայի և վրացու պաշտամունքի առարկան էր. միևնույն հոյակապ եկեղեցու մեջ հայ ու վրացի պաշտոն էին մատուցանում հերթով։

Վրացին ուրախ և անհոգ ժողովուրդ էր. երկրի հին տերերն էին։ Հայերը նրանց մեջ ապրելով նրանց պես դարձած էին ուրախ և սրտաբաց։