Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/261

Այս էջը հաստատված է

վերջին շեշտած վանկերի միջև, ապա «հինգիսունը», որ «հաւատամի» պես եռավանկ է «յիսուն» դառնալու համար, որ «հաւտամ»ի պես երկվանկ է, պետք է իր առաջին վանկը շեշտած ունենար, հոգ չէ, թե «երկրորդական» շեշտով։

Այսպիսով երկրորդական շեշտը գործած է և նախագրական շրջանում. նա ոչ թե նոր լեզվի, այլ հայոց լեզվի հիմնական երևույթներից մեկն է։ Այս մասին դեռ առիթ կ'ունենամ խոսելու, միայն իբր նոր ապացույց առեք «տայցեմ» ձևը. անշուշտ սա նախապես եղած է «տաիցեմ»– այսինքն՝ երեք վանկ, անհրաժեշտ է, որ առաջին ու վերջին վանկը շեշտած լինեին, որ ի-ն կարողանար սղվել և կիսաձայն չդառնալով՝ բառը դարձներ երկվանկ - «տայցեմ». օրինակներն անհամար են. բայց եղածն էլ բավական է ցույց տալու համար, որ հին ժամանակ մեր բազմավանկ բառերը մի քանի շեշտ ունեին։ Ես առիթ կ’ունենամ նրանց տարազները տալու։

* * *

Որքան ճիշտ է այն բնաբանը, որ Հ. Ա. Այտընյան դրած է իր «Քննական քերականության» ճակատին, թե «ներկան անցածով լուսավորելու է», նույնքան և ավելի ճիշտ է, եթե ասենք, թե անցածը ներկայով պետք է լուսավորել։ «Այսօրվան» ջրի վերլուծությունը և «ներկա» մետաղների գոլորշիացման աստիճանի որոշումն է, որ հիմք են դարձած հորինելու մի տեսություն տիեզերքի «անցյալ» գազային վիճակի և նրա աստիճանական սառուցման մասին։ Տիեզերքի «անցյալը» նրա «ներկայով» է լուսաբանված։ Մեր «այսօրվան» ականջի արտաքին խխունջի անկյունաձև փոթը հիմք է դարձած Դարվինի համար «անցյալ» դարերի մարդու ականջները երկար համարելու։

Պատմական գիտությունները ուրիշ հնար չունեն անցածը հասկանալու և վերակոչելու, քան ճանաչել և օգտագործել ներկան։ Լեզուն պատմական երևույթ է. նրա անցյալը հասկանալու համար պետք է դիմենք նրա ներկային, բարբառների ձայնաշրջման օրենքները մենք պետք է նախ ուսումնասիրենք և ապա կիրարկենք հին լեզվի վրա՝ տեսնելու համար, թե արդյոք այդ օրենքները չե՞ն գործած նաև հեռավոր անցյալում և չի՞ կարելի բառերի և ձևերի հոլովույթը նրանց միջոցով պարզել, այդպես նաև շեշտադրության երևույթը քննության ժամանակ։ Կենդանի բարբառների շեշտադրությունը կարող է մեզ հիմքեր տալ գրաբար լեզվի շեշտադրության կարգը հասկանալու համար։

Մեր կենդանի բարբառների շեշտադրության մասին ամենից ավելի խոսել է Հ. Աճառյանը։ Նկարագրելով մի շարք բարբառներ և ավելի կամ