լսելի ձայնով արտասանեք. «քիթ, մեծ կետ, տակ, զուր» և այլն, ընտրելով մեր ցանկից կամ ինքներդ հիշելով,– դուք պիտի տեսնեք, որ իսկապես տարբերում եք մեծը, քիթը, կետը, տակը, զուրը և այլն։ Վերջին ը-ն շա՜տ սուղ է, հազիվ զգալի, բայց ուշադիր դիտողի համար բավական նշմարելի բնույթ ունի։ Այս ը-երը բոլորովին նշմարելի կդառնան, եթե ձայնավորներն արտասանեք ոչ թե կարճ ու հատու, այլ երկար, ծոր տալով, այսպես՝ քի՜թ, մե՜ծ, կե՜տ, տա՜կ, զա՜ր, դուք այն ժամանակ շատ պարզ կնկատեք, որ իրոք արտասանած եք քի՜թը, մե՜ծը, կե՜տը, տա՜կը և այլն։
Թվում է, թե երկու բաղաձայն դուրս են այս կանոնից. դրանք են ն և մ։ Բայց թվում է միայն։ Իրոք նրանք ևս ենթակա են ընդհանուր օրենքին։ Նախ՝ եթե ձայնավորներն արտաբերեք ծոր տալով՝ այդ երկու հնչյունն ևս իրենց հետևից քաշում են ը–եր. այսպես՝ «քե՜ն, քա՜ն, քու՜ն, գո՜ն(կան), գի՜ն, ասե՜ն, տո՜ն». կամ թե՝ «հա՜մ, բե՜մ, գո՜մ, գի՜մ (գ տառի անունը), հու՜մ, կե՜մ (կեռ փայտ է, որով գութանի փոկին կապ են տալիս)»։
Միայն հատու շեշտով արտասանելու ժամանակ է, որ պատրանք կունենաք՝ իբր թե նրանց հետևը սուղ ը-եր չկան։ Դրա պատճառն այն է, որ այդ երկու ձայները ռնգային են և մենք կարող ենք նրանց կորցնել մեր բերանի խոռոջի մեջ։ Եթե արտասանենք բան և մեր լեզուն չզատենք քիմքից, կամ արտասանենք գամ և մեր շրթունքները հավաք պահենք՝ այն ժամանակ մենք կունենանք ն և մ ձայների ընդհանուր երանգը, բայց չենք իմանա նրանց ընդհանուր արժեքը, այսինքն կերևա որ մեր լսածը ռնգային ձայներ են, բայց ինչ են իրոք՝ ն թե մ, շատ որոշ չենք կարող զգալ։ Կարծում եմ՝ այս կարգի արտասանությունն է պատճառ, որ բոլոր լեզուների մեջ այդ երկու ձայները լծորդ են և փոխարինում են իրար։ Այդ է պատճառը, որ մեր գրաբարի «ասեմքը» դարձել է «ասենք» և քույր լեզուների dom-ը հայերեն եղած է «տուն»։
Եթե կամենանք սակայն այդ երկու ձայների իսկական բնույթը պարզել՝ պետք է լեզուն հետ քաշենք քիմքից և բանանք մեր շրթունքները, այն ժամանակ մենք շատ որոշակի կլսենք ն և մ, որ իրենց հետևից անխուսափելիորեն կբերեն սուղ ը-եր. և մենք կունենանք «բանը, գամը»։
Նկատենք այստեղ, որ պայթուցիկ ձայնավորներն ավելի շատ են ցուցադրում այս երևույթը, քան մյուս բաղաձայները։ Սուղ ը-երը ավելի նշմարելի են «հատ, բադ, կաթ, կապ, գաբ, կափ, մուկ, թուք, հոգ» բառերի վերջում, քան, օրինակ, «քար, լար, խող, քոս» և նման բառերից հետո։ Իսկ պայթուցիկների մեջ լերկերն ավելի զորավոր են այս տեսակետից