Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/269

Այս էջը հաստատված է

ունակությունը՝ Ն. Մառի մատնանշած դիրքերում։ Նախ՝ կան բարբառներ, ուր այդ ձայների արտաբերածը ոչ մեկ խաթարում ունի, չնայած որ դարեր սահած են Ս. Մեսրոպից մինչև այսօր. այդպես է Գողթան բարբառը։ Հետո նույն այդ գեղջուկի բերանը, որ «մարդ»ը «մարթ» է արտասանում, շատ որոշակի արտասանում է «մարդ», երբ այս բառը նշանակում է մեծահոգի, առատաձեռն, ազնիվ. «Ես քեզ ասում եմ՝ էն մարթը նամարդ չի. նա որ կա՝ մարդ մարթ ա, մա՛րդ»։ Նա շատ որոշակի արտասանում է «թագ», թեև արտաբերում «թաքավոր». ասում է «մարգ», բայց Մարքար։

Մառի տեսության մեջ ամենից արժեքավորը բառավերջի ձայնավորի ըթացումն է (ը դառնալը), որ արժանի է հատուկ ուշադրության։ Մենք տեսանք հայերենից փոխ առած բառերի կերպարանքը վրացերենի մեջ։ Կարծում եմ նրանք այն ձևով են երևում, ինչ ձևով հնչում էին հին ժամանակ։ Այդ փոխառությանց մի մասն անշուշտ շատ հին են, քան Ս. Գրքի թարգմանությունը, գոնե այն բառերը, որ տարբեր վերջավորություն ունին, քան ի։

Ճիշտ է, վրացիներն իրանք շատ բառեր ունին, որ վերջանում են օ (ո), բայց օտար բառերը սովորաբար ազգայնացնում են՝ վերջը կցելով մի ի։

Արդ՝ մեր բառերը վրացական փոխառության մեջ հնչում են իբր «մոգու, չուլօ, ծեբօ, քուրիմա (քուրմ), կալօ, ծալիկա (ծաղիկ)[1], ավազակի, ճշմարիտի և այլն։ Ի՞նչ են այս ձևերը։ Սրանք մեր բառերի սեռականներն են և գալիս են հաստատելու մեր տեսությունը սեռական հոլովի կազմության մասին, որ երկարորեն բացատրեցի նախորդ հոդվածիս մեջ։ Մեր տեսությունն այն էր, թե սեռական հոլովը ուղղական է՝ շեշտը փոխած։ Անկասկած վերի բառերը հին ժամանակ արտասանված են «մո՛գու, շյո՛ւղոյ, ծե՛փոյ, քու՛րիմա, կա՛լոյ, ծա՛ղիկայ»։ Այս արտասանության հետևանքով նրանք պիտի սղեին իրենց վերջին ձայնավորները՝ դարձնելով հետագային պարզ ը-երը։ Վրացիների փոխառության ժամանակ նրանք հնչած են այնպես, ինչպես մեր ում բարբառներում արտաբերում ենք՝ «գա՛րի, մա՛րդու» և այլն, ուր թեև շեշտը վերջընթեր վանկի վրա է, բայց հետագա ձայնավորը դեռ պահում է իր բնույթը, թեև անշեշտ է։

Վերի հնագույն ձևերը դասական շրջանում արդեն դարձած էին «մո՛գ, շյո՛ւղ, ծե՛փ, քո՛ւրմ, կա՛լ (ցորեն կալսելու կալն է սա), ծա՛ղիկ. բայց սեռականի մեջ վերստանում էին իրենց նախավոր կերպարանքը,

  1. Տե՜ս Հ.Հ. Տաշյան, ուսումն Դասական Հայերեն լեզվի, էջ 490։