Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/270

Այս էջը հաստատված է

երբ շեշտի հարվածից արթնանում էին թմրած ձայնավորները և դառնում էին. մոգու՛, ծեփո՛, քրմա՛ց, կալո՛, ծաղկա՛ց, աւազակի՛, ճշմարտի՛։

Կարելի է ուրեմն ասել, որ մեր բառերը հնագույն շրջանում ավելի երկար էին և վերջանում էին ձայնավորով։ Այդ շարքի մեջ էին գուցե նաև ծածուկ վանկով վերջացող բառերը։ Այդ ձայնավորների խուլ արձագանքն է, որ այսօր հնչում է իբր սուղ կամ խուսափուկ ը։ Դրանք են, որ շեշտի հարվածն առնելով՝ արթնանում էին և կազմում մեր սեռական հոլովները։ «Հոլովիչ ձայանաւոր» կոչվածն, այսպիսով, մի եկամուտ տարր չէ. այլ բառերի վերջին ձայնավորն է, նրա անբաժան մասը, որ սակայն թմրած է և թվում է չքացած։ Նա մի բացարձակ զերո չէր, այլ մի նվաղած մեծություն։ Զսպված ուժեր էին, որ շեշտի սուրով ազատագրված՝ ելնում էին ոտքի՝ իրենց նախավոր կերպարանքով, իբրև լիակատար ձևեր նրանք ապրում էին խոսողի ենթագիտակցության մեջ. նույն ենթագիտակցության մեջ ապրում էին բառերի հապաված ձևերը։ Մտքի պահանջին համեմատ «գիտակցության շեմքից» անցնում էր մեկ կամ մյուս ձևը իրան հատուկ շեշտով և այդ շեշտի կատարած ձևափոխություններով։

Երկար ժամանակ ապրելով խոսողների ենթագիտակցության մեջ և լեզվական գիտակցության մթագնումի հետևանքով նրանց կերպարանքները շփոթվում են։ Երբ ածանցները կորցնում են իրենց իմաստաբանական արժեքը և խոսողները գոհանում են մի կամ մի երկու ձևով՝ արտահայտելու համար իրենց գաղափարը, որի համար երբեմն բազմազան ձևեր գոյություն ունեին՝ այն ժամանակ հաճախակի գործածվող ձևերը դառնում են կաղապար, որոնց կերպարանքով կազմվում են մնացած բազմազան ձևերը և սրանով ստեղծվում են նմանական կազմություններ։

Այստեղ մեծ դեր է խաղում ուժի խնայողության ամենազոր օրենքը։ Քերականական ձևերի պարզությունը հոգեբանորեն նվազ ճիգ է պահանջում, քան նրանց բազմազան բարդությունը։ Միևնույն առնչության գաղափարն արտահայտելու համար անշուշտ ավելի դյուրին է հիշել ու արտաբերել «մարդի, սերմի, գանձի, աստղի, Մեսրոպի», քան «մարդոյ, սերման, գանձու, աստեղ, Մեսրոպայ»։ Գրաբարի բազմազան սեռականները, լեզվական գիտակցության[1] մթագնումի հետևանքով, հետևած են «բան, բանի» հոլովական կարգին և «գանձու»ն դարձած է

  1. Հետագային մենք շատ առիթ կունենանք գործածելու «լեզվական գիտակցություն» բացատրությունը։ Դա գիտակցության այն տեսակն է, որով մենք քերականորեն ուղիղ ենք խոսում ու հետևապես՝ գրում։ Մեզ թվում է, որ խոսելու ժամանակ (ինչպես նաև գրելու), մեր միտքը իմաստին է հետամուտ և ձևը տեղ չի բռնում մեր գիտակցության մեջ. բայց բավական է, որ մեկն ասի. «ես գնաց» կամ մենք գրենք «նա ուզում ես», որ իսկույն նկատենք թե սխալ ձևով է խոսքը կազմված։ Լեզվական գիտակցությունն է, որ նկատում է վրիպումը և անմիջապես շտկում է ձևը։ Բայց լեզուն հասկացնելու մի գործիք է. եթե մեր գիտակցությունն սկսում է տարբերություն չդնել «ի քաղաքէն» և «քաղաքէն» ձևերի միջև, եթե լսողը երկուսն էլ հասկանում է բացառական իմաստով, այն ժամանակ ի նախդիրի արժեքն ընկնում է և գործածությունից դուրս մնում։ Սրանով գրաբարի բացառականը «պարզվում» է։ Այս ճամփով գնում է և «ի գործոյ» բացառականը, ձգում է ի-ն և առնում է էն ու դառնում «գործէն»։ Լեզվական գիտակցությունը չի բողոքում դրա դեմ և լեզուն գնալով փոփոխվում է։