Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/278

Այս էջը հաստատված է
Տեսություն ձույլ բաղաձայների[1]

Ուշադիր քննելով մեր հին, միջնադարյան և նոր գրական լեզուն, ինչպես նաև մեր բարբառները, ես արած եմ մի քանի դիտողություններ, որ ընդհանրացնելով՝ հորինած եմ տեսական ուրվագծեր։ Այսպես՝ տեսնելով, թե մեր հին գրականության մեջ մեր այսօրվա օ ձայնը արտահայտած են երկու գրով - աւ՝ ես ենթադրած եմ, որ դասական շրջանին մեր հայրերը չեն ունեցած օ հնչյունը, հետևապես այդ հնչյունը ձևացած է Ե դարից հետո և որոշապես պարտադրած է իրան ԺԲ. դարում, երբ մեզանում մտած է օ գիրը։ Այսպիսով այսօրվա օ-ն, որ մի պարզ ձայն է՝ տասնհինգ դար առաջ եղած է երկբարբառ՝ աւ։ Այստեղից պարզ է, որ 1. օ-ն հոլովույթի արդյունք է. և ուրեմն 2. որ բարդ երկբարբառը կարող է դառնալ պարզ ձայնավոր։ Այնուհետև ես հարց եմ տված. արդյոք միայն օ ձա՞յնն է, որ արդյունք է հոլովույթի։ Իր օրինակը բավական է, որ ասենք, թե ձայները հոլովույթի ենթակա են։ Այս ընդհանրացումը պարտադրում է սակայն հետազոտել մնացած ձայնավորները, տեսնելու համար թե՝ չկա՞ն ուրիշները, որ նույնպես ժամանակի ընթացքին ծագած լինեն, և որոշել նոր ձայների ծագման պայմանները։ Այս աշխատանքը կատարած եմ տարիներ առաջ և արդյունքը՝ իբր համառոտ ուրվագիծ՝ հրատարակած եմ «Հանդես Ամսօրյա» ուսումնաթերթի մեջ[2]։ Այդ ուրվագծի մեջ ես մատնանշած եմ հիմնական երևույթները, առանց մանրամասնությանց իջնելու և տված եմ հոլովույթի գլխավոր տարազները, առանց շեղումներին նայելու։ Իմ տեսությունը հիմնավորած եմ մի քանի ցայտուն օրինակներով, առանց սպառելու բավական նյութը։

Իմ տեսությունը համաձայն չէ հնդեվրոպական լեզվագիտության։ Նրա համար օ և ե ձայներն, օրինակ՝ հիմնական են և կազմում են համեմատությանց հիմք ու եզր, մինչդեռ ես կարծում եմ նրանք հետևանք են պարզ ձայների ձուլման։ Բայց հնդեվրոպական լեզվագիտության

  1. Ես հույս չունիմ, որ կարենամ հորինել այն գիրքը մեր լեզվի մասին, որ մտադիր էի։ Տարիներս անցած են. մտավորական երկարատև ճիգը հոգնություն է բերած և հին ու օտար լեզուների անագան ծանոթությունս կասեցնում է վստահությունս։ Բայց այդ շենքի կառուցման համար տարիների ընթացքին ես տաշած եմ քարեր և հավաքած եմ ատաղձ, որոնց լեզուն ե՛ս միայն կարող եմ հասկանալ։ Դրանք կարող են պիտանի լինել հետագա կառուցողներին, ուստի որոշեցի գրի առնել մտածումներս և լույս ընծայել հատվածաբար։ Պիտի խնդրեմ նրանց, որ առիթ կունենան օգտագործելու այս քարերն ու ատաղձը՝ չմոռանան հիշատակել հավաքողին։
  2. Տե՛ս Հ. ա., 1930 թ․, Սղած և չքացած ձայնավորներ, էջ 182-195. նույն, 1930 թ. Հնչաբանական դիտողություններ՝ 273-291. և շարունակությունը Հ. ա., 1931, էջ 352-359, 518–527, Հ. ա., 1932, էջ 298-310, 433-446: