Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/28

Այս էջը հաստատված է

հոսում էր, խորովածի շամփուրները լիքը գալիս, դատարկ դուրս էին գնում, դուրս ու ներսի մարդը չէր տարբերում, ամենքին գինի և տաք միս էին հրամցնում և սուր խոսքը, կատակն ու տրտում բայաթին հաջորդում էին իրար։ Գինուց ու երգից աչքս փակվում էր և լուսադեմին աչքս բանալով՝ տեսնում էի դեռ սուփրան (սփռոցը) գցած և խմողների կատարը տաք։

Մայրս, որ մի բարեպաշտ կին էր, նույնպես սիրում էր երգել երբեմն վրացերեն, բայց ավելի բայաթիներ։ Շատ հաճելի ձայն ուներ և կանանց հավաքույթների անհրաժեշտ անդամն էր։ Գիր չգիտեր, ինչպես ինքն էր ասում. «Մի մազ էր մնում, որ կարդալ կարենամ», բայց ինձ սովորեցնում էր ուղիղ հեգել ու կապել վանկերը. ես իրար ետևից ասում էի գրերը և նա կապում էր ու ասում բառը։ Շատ գրասեր էր. այսինքն սիրում էր կարդացնել ու լսել։ Լսելով թե հեռավոր թաղերից մեկում - Ս. Սարգսի թաղում - մեկը «Վերք Հսւյաստանի» ունի՝ հիշում եմ մի օր ձեռիցս բռնած գնաց այն թաղը և հազար աղաչանքով խնդրեց այդ գիրքը, որի մասին լսած էր, թե շատ լավ գիրք է և տուն բերելով ու հարևան կանանց գլխիս հավաքելով ստիպեց, որ կարդամ ու ես, ո՜վ զարմանք, ջրի պես կարդալ սկսա, որովհետև իմ խոսած լեզվով էր գրած, իսկ կանայք բոլորն անգրագետ, լսում էին մայիլ եղած, բերանների ջուրը գալով։

Այսպես է, որ մի անգամ էլ գտել ու գնել էր Սայաթ-Նովայի աժան հրատարակությունը և այնուհետև տուն ու դրկից դադար չէին տալիս ինձ՝ խնդրելով որ կարդամ ու լսեն։ Կարդալու հետ միասին քթերի տակ բարձրաձայն սկսում էին երգել, ինչ որ գիտեին։

Մեր թաղի բարձունքից դեպի Քուռ գետի ափն իջնում էին երկու զառիվայր։ Արևմտյան կողմից իջնող զառիվայրի կեսին էր շինած Ս. Կարապետ եկեղեցին, որի ծուխն էինք։ Հայրս երեք անգամ գնացած էր Մուշ, Ս. Կարապետին ուխտի և մեր տան պատին շրջանակի մեջ կախված էր Խրիմյան Հայրիկի կոնդակը՝ հորս անունով։

Ես այդ զառիվայրով էի Ներսիսյան դպրոց գնում, որ Քուռ գետի մյուս ափին էր։ Զառիվայրի վրայ մի խանութ կար, ուր նստում էր մի ծերունի, հիմա կարծում եմ՝ մոտ 70 տարեկան։ Մի օր, երբ դպրոցից տուն էի դառնում, տեսա, որ խանութին մեջ գինին դրած ու խորովածն առջևնին՝ նստած են մարդիկ և ծերունուն երգել են տալիս։ Կանգնեցի. Երգում էր Սայաթ-Նովայից «Դուն էն գլխեն իմաստուն իս...»։ Եղանակը անմիջապես սովորեցի և խաղի վերջին՝ դունդունալով շարունակեցի ճամփաս։ Այդ եղանակը, հետո երևաց, որ միայն ես գիտեմ։ Արդեն հասուն հասակիս Սայաթ-Նովա երգող չկար այլևս։ Մեր սիրելի Հովհ. Թումանյանը