բառերի ց ձայնը արդյունքն է տ և ս ձայների ձուլման[1]։
Խորանանք այս երևույթի քննության մեջ։ Մենք տեսնում ենք, որ դասական պատասխանի և արտասուք բառերի ընդգծած վանկերը, կորցնելով իրենց միջև եղած ա ձայնավորը՝ եզերական տ և ս ձայներն իրար մոտ գալով՝ ձուլված են և տված են ց, որով այդ բառերը դարձած են պացխուն և արցաւնք։ Բարբառների մեջ կենդանի է այս հոլովույթի միջին փուլը, ուր տաս վանկի ձայնավորը թեև սղած է, բայց դեռ չի չքացած և «արտասուք» բառը մշեցին հնչում է «արդսունք», իսկ սալմաստեցին՝ «արտսունք»[2]։ Բայց այս բառերի տս և դս ձայների միջև արտաբերում են մի թեթև ը և այդ թեթև ը-ը է, որ արգելում է այդ ձայներին ձուլվիլ իրար և ց դառնալ։ Մինչդեռ այն տեղերը, ուր այդ թեթև ը-ը չքացած է՝ ձուլումը կատարյալ է․ այսպես է գավառական արցուել բառը, որ ծագում է «արտասուել» բայի ամփոփման հետևանքով․ արտասուել > արտսուել > արցուել։ Կարող ենք ուրեմն որոշապես ասել, որ այս դեպքում ց ձայնի գոյացման պայմանը ձայնավորի չքացումն է։ Նրա սղումը բավական չէ․ նա պետք է չքանա, որ եզերական տ և ս ձայներն իրար մոտենան ու ձուլվին քիմիապես, տալով մի նոր ձայն, որ ոչ տ է, ոչ ս, այլ նրանց ձուլվածքը, ինչպես ջուրը, որ ոչ H2 է, ոչ O, այլ մի նոր մարմին, որ նրանց ձուլումի արդյունքն է։
Մենք տեսանք, որ մեր օրինակների մեջ չքացող ձայնավորը ա էր։ Արդյոք այս հանգամանքը մի արժեք ունի՞ ց ձայնի ծագման համար, այսինքն՝ եթե այդ ձայնավորը ոչ թե ա լիներ, այլ, օրինակ՝ ի կամ ու և չքանար ա-ի պես, այն ժամանակ ց-ն և ս-ն նորից չէի՞ն մոտենա իրար և նորից չէի՞ն ձուլվի և ց դառնա։ Պարզ է՝ կարծում եմ, որ այստեղ նշանակություն չունի ձայնավորի երանգը, կարևորը ոչ թե ձայնավորի երանգն է, այլ նրա չքացումը։ Մենք չգիտենք օրինակ, թե որ մի ձայնավորն է սղած կամ չքացած մեր կրտսեր բառի տս ձայների միջև, բայց այդ հանգամանքն արգելք չէ, որ տ և ս ձայներն իրար ձուլվին և մենք այդ բառն ունենանք նաև կրցեր ձևով[3]։ Այսպես ուրեմն՝ կարող ենք վստահորեն ասել, թե ամեն անգամ, երբ տ և ս ձայներն իրար ձուլված են՝ տված են ց, անկախ այն հանգամանքից, թե այդ երկու ձայների մեջ ո՞ր մի ձայնավորն է չքացած։ Սա նշանակում է, թե լիներ վանկը տաս, տիս կամ տուս, բավական է, որ նրանց ձայնավորը չքանար և եզերական տ