Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/29

Այս էջը հաստատված է

շատ էր սիրում այդ եղանակն ու երգը և ամեն անգամ, որ նրա սեղանին նստած խմում էինք Կախեթի գինին՝ ստիպում էր, որ երգեմ այդ երգը։ Ինձանից սովորեցին շատերը։ Հայաստանի Հանրապետության շրջանին, Սպիրիդոն Մելիքյան, որ իմ բարեկամն էր, խնդրեց, որ Սայաթ-Նովայի եղանակները երգեմ ձայնագիր ընկալուչ մեքենայի առջև. երգեցի, ինչ որ գիտեի. ու նաև «Դու էն գլխեն»–ը։ Այնուհետև տարագրվեցանք։ Մի քանի տարի առաջ ուրախությամբ տեսա, թե այդ հին եղանակը մեծ տաղանդով օգտագործած է երաժիշտ Սպենդիարյան իր սքանչելի Էնզելիին իբր մուտք։ Այսպիսով ակամա փոխանցող եղած եմ իմ վաղեմի սերունդի մի հին եղանակի։

Իմ մայրենի լեզուն Արարատյան բարբառն է եղած, որովհետև Հավլաբարի բնակչության մի ստվար մասը Երևանի գաղթականներ են, բայց փոքր հասակից շարունակ լսած եմ Թիֆլիսի բարբառը, տատիս քույրերը բնիկ թիֆլիսցիների հարս գացած էին և նրանց լեզուն վրացերեն էր կամ Թիֆլիսի բարբառը։ Այդ բարբառը դեռ բավական կենդանի էր ութսունական թվերին։ Իննսնական թվերին Գ. Սունդուկյանի թատերակները հասկանում էին, բայց շատ քիչ վայելող կար, որովհետև Թիֆլիսի բարբառը հոգեվարքի մեջ էր։ Այսօր անկասկած մեռած է արդեն այդ լեզուն, քանի որ այդ բարբառով խոսող չմնաց, բարեկեցիկ խավը ռուսախոս դարձավ, իսկ խոնարհ խավը խառնվեցավ կռոներին, խոսում է գրական լեզու կամ Երևանի բարբառ։ Ես ուրեմն մի մնացորդն եմ այն հին օրերի, որ դեռ կարող եմ լավ հասկանալ այն լեզուն ու բարքը, որ երևում է Սայաթ-Նովայի գործի մեջ։

Եթե ասածիս ավելացնեմ, որ երեք տարի Պարսկաստան մնալով և մասամբ հմտանալով պարսիկ լեզվին ու գրական արվեստին՝ կարող եմ քիչ ու շատ գնահատել Սայաթ-Նովայի արվեստը, որ պարսկականն է. որ ես կազմած եմ Սայաթ-Նովայի համաբարբառը, մի ստվար գործ, ուր նշանակած եմ, թե այս կամ այն բառը ո՞ր երգերի մեջ է կիրարկված, որ վերջապես ես եմ կազմած Հայ Գրողների Ընկերության լույս ընծայած Սայաթ-Նովայի երգերի բառացանկը և հատկապես լավ ծանոթ եմ Գ. Հախվերդյանի առաջին հրատարակության՝ կարծում եմ բավական կը համարվի, որ ներողամիտ աչքով նային մեծ աշուղի երգերի մեկնության այս փորձին։ Եթե կան մի քանի մարդ, թե՛ դուրսը և թե՛ ներսը՝ Հայաստանում, որ կարող են այսպիսի գործ ձեռնարկել՝ դրանցից մեկը ես եմ։

Այսքան հարմարության կողքին, սակայն, ունիմ և մի քանի անհարմարություններ։ Ձեռքիս տակ չէ Գ. Հախվերդյանի առաջին հրատարակությունը, որ մի անմահ գործ է իր խնամքով և հմտությամբ. դրան փոխարինում