Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/292

Այս էջը հաստատված է

«ձիմ-ան»։ Սա ածանցավոր կազմություն է. իր արմատն է «ձիմ» և ածանցը «ան»։

Մենք ստացանք նույն արմատը, ինչ որ գտանք «ձմեռն» բառի մեջ, որ է «ձիմ»։

Մենք ունենք հիմա «ձիւն» և «ձմեռն» բառերի հնագույն ձևերը. կարող ենք նրանց զուգադրել, մանր քննության և համեմատության համար.

  • ձիմ-արան =ձիւն
  • ձիմ-ի-ար-ան=ձմեռն։

Այս ձևերից առաջինը նույն կազմությունն ունի, ինչ որ խած-ան, վազ-ան և այլ բառերը։ Ուրեմն «ձիմ-ան» նշանակում է «ձիմ» անող*, ձիմարար։ Իր հոլովույթի հետագա փուլն է «ձիւ-ան», ուր մ-ը դարձած է ւ։ Այս ձևի մեջ բառը նշանակում է «ձիւ» անող*, ձիւարար։

Այստեղ «ձիմ» և «ձիւ» նույնիմաստ են և համարժեք։ Հնագույն ձևն է «ձիմ», ինչպես ցույց են տալիս օտար համարժեքները, որ մ ունեն և այդ ձևով հայտնի են Քրիստոսից ավելի քան հազար տարի առաջ։ «Ձիմ» և «ձիւ» արմատների միջև ավելի քան 1500 տարի է սահած, քանի որ մեր «ձիւն»ը դասական բառ է։

Այդ տասնուհինգ դարերի ընթացքին է, որ ենթադրածս, բայց անգո «*ձիմն» ձևը դարձած է «ձիւն»։ Մոտավորապես նույնքան դարերի ընթացքին դասական «մեծ» բառը դարձած է գավառական «վենձ»։ Որոշածս ժամանակն ուրեմն բավական էր «ձիմ»ի մւ դարձնելու համար։ Այս անդամատումից երևաց, որ «ձիմ-ան.–ձիւ-ան.–ձիւն» ներկա դերբայ է։

Ներկա դերբայի իմաստ ու ձև ունի նաև «ձիմ»-ի-ար-ան» վաղեմի բառը։ Բայց այս ձևը կրկնակի դերբայ է։ Ինչպես ունենք կրկնակի հոգնակիներ. հոն-ք-եր, կամ-ք-եր. կամ ինչպես եղած են կրկնակի սեռականներ, օր. նոցունց. այնպես էլ ունենք հազարավոր կրկնակի ներկա դերբայներ։ «Ձիմ-ի-ար» ձևն ինքնին ներկա դերբայ է, որ ամփոփումով տված է «ձմեր»։

Տեսանք, որ սա մեր մի շարք բարդ բառերի բադադրիչներից մեկն է. մյուսն էր «ձմեռն»։ «Ձիմ-ի-ար» ձևի երկրորդ բաղադրիչը՝ «ար», ես համարում եմ «առնել» բայի պարզ արմատը, որի կրկնավորն է «ար-ար.-ա-րար»։ «Առնել» բայը պետք է վերականգնել իբր «ար-ան-ել»։ Արա շեշտը առաջին վանկին է զարկած, որով երկրորդ վանկի ա-ը մղած է և ր-ն մոտենալով ն-ին, դարձած է ռ.–ա՛ր–ան–ել.– ա՛ր-ըն-ել.– առ-ն-ել։ «Ա՛ր-ան-ել» բայը կազմված է ճիշտ այնպես, ինչպես «հատ-ան-ել. մեռ-ան-ել.