Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/299

Այս էջը հաստատված է

Կրթություն

Հայ վարժապետը

«Ոչ է աշակերտ առավել քան զվարդապետ իւր»,– ասում է Ս․ Գիրքը և հետո, թե «շատ է աշակերտին», եթե «եղիցի իբրև զվարդապետ իւր» (Մատթ․, ժ․ 24)»։ Եվ ճիշտ է ասածը. քանի դեռ մեկն աշակերտ է՝ աշակերտած ճյուղի մեջ բնավ չի կարող առավել լինել, քան իր վարդապետը, և արդեն շատ մեծ բան կլինի, եթե նա իր աշակերտ տեղով հավասարեր իր վարդապետին։ Ավելի վեր գնալու համար նա պետք է որոնի ավելի մեծ վարդապետ և հին պատմությունը նորից սկսի։

Մյուս կողմից Լ․ Տոլստոյը նկատում է, թե կրթությունը մի գործունեություն է, ուր կրթողն աշխատում է, որ իր կրթածը հավասարի իրեն։ Ս․ Գրքի խոհուն ընթերցման մի արձագա՞նք է այս միտքը, թե՞ անձնական հղացում - չգիտեմ, պարզ է սակայն, որ այս գաղափարը նույն ոլորտի մեջ է թևածում, ուր սավառնում է Ս․ Գրքի մտածումը։

Իմացող ու չիմացող, հմուտ ու համբակ երկու կողմեր են՝ տարիքով հաճախ ավագ ու կրտսեր, բայց գիտությամբ ու հմտությամբ միշտ անհավասար՝ իմացության ու վարժության այն ճյուղի մեջ, ուր հանդիպում են իրար իբր աշակերտ ու վարդապետ։ Եվ աշակերտի ուսումը վերջանում է այնտեղ, երբ ուսանելի նյութի հանդեպ երկու կողմերը գալիս կանգնում են նույն հարթության վրա։ Աշակերտը, որ մինչ այդ առավել չէր իր վարդապետից, հիմա դառնում է «իբրև զվարդապետ իւր»։

Եթե մեծ իմաստասերի և մեծագույն Գրքի ասածները ճշմարիտ են, ապա մեծ նշանակություն ունի աշակերտի համար, թե ո՞վ է իր վարդապետը, և ավելի մեծ նշանակություն ունի հանրության համար, թե ո՞վ է այն վարդապետը, որից սովորաբար առավել չի լինում աշակերտը - և որին հավասար լինել շատ իսկ է նրա համար։

Այսպես ուրեմն՝ կրթության գործում վարժապետն ավելի կարևոր է, քան աշակերտը։ Անշուշտ առանց աշակերտի ո՛չ վարժարան կարող է լինել և ո՛չ վարժապետ, բայց թե ի՞նչ է այդ վարժարանը, վարժապետից է կախված։ Եթե վարժապետն ինքը խեղճ մարդու մեկն է - թե՛ իբր բնույթ, թե՛ իբր պաշար - ապա չի կարելի մի մեծ բարիք նկատել, որ աշակերտը դարձած է վարժապետին հավասար, և ոչ էլ մի մեծ չարիք համարել,