Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/301

Այս էջը հաստատված է

Արևմուտքի հետ մենք կապվելու ենք ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքական ու գիտական իմաստով։ Արևմուտքի պետությունների հետ պայքարելու կարողություն չունենք մենք, շատ իսկ է, եթե ընթանանք նրանց ճանապարհով։ Մենք պետք է արտադրենք հում նյութ, և թող Եվրոպան մշակե այդ։ Եվ քանի շուկա լինենք հում նյութի, միշտ կլինենք քաղաքակիրթ պետությունների հետ, և այդ արդեն իսկ պատիվ է մեզ։ Եթե մենք կարողանանք այդ մեծ քաղաքակրթության մեր փոքրիկ մուրճը խփել, այդ իսկ պատիվ է մեզ։ Եվ այս հիմնարկությունը հաստատելով, մենք հիմնում ենք մի աշխատանք, ուր մեր միտքը պիտի աշխատակցի եվրոպական մտքերի ղեկավարությամբ։ Կգա ժամանակ, երբ մենք էլ ի վիճակի կլինենք մի քանի գաղափարներ արտաբերելու մարդկության համար, հայ ժողովուրդը ընդունակ է դրան։ Մեր համբավված ջանասիրության շնորհիվ մենք կհասնենք այն օրվան, երբ ընկերներ կլինենք քաղաքակիրթ ազգերի։ Եվ երբ կվերանա ամեն տեսակ անհավասարություն, այս հիմնարկությունն էլ նպաստած կլինի դրան։ Եվ կստեղծվի համամարդկային մի միություն, երբ բոլոր ազգերը կաշխատեն կողք-կողքի և այսօր մեր սահմաններում կեցած բանակների տեղ մենք կստեղծենք նոր բանակներ մեր երկրի տգիտության և խավարի դեմ[1]։


Մինիստրների Խորհրդին

Մինիստրությունս սկսած անցյալ տարվա աշունից հատուկ ուշադրություն է դարձրել մեր դպրոցական սիստեմի վերակազմության վրա։ Մշակած առաջարկը քննության է առնված մինիստրությանս կից դպրոցական խորհրդակցության մեջ, այնուհետև շրջանային տեսուչների կարծիքին է առնվել տարրական դպրոցների դասատախտակի և ուսման տևողության մասին և հավանություն է գտած այդ երկու մարմինների կողմից։

Ըստ հավանություն գտած առաջարկի տարրական ուսումը տևելու է վեց տարի և ավանդվելու է մայրենի լեզվով. այդ վեց տարին բաժանվելու է երկու եռամսյակի. մանր գյուղերում ուսումը պետք է տևի երեք տարի,

  1. Ապա կանգ ի առնում պատմալեզվաբանական բաժնի վրա, որից կազմված է լինելու առայժմ համալսարանը, և անում է մի քանի բարեմաղթություններ, որ այս համալսարանում միտքը լինե մատչելի ամենքի համար, մտնելը լինի հեշտ, ելնելը՝ դժվար, որ ուսումը լինի ձրի, գիտությունը վարվի գործնական եղանակով, որ հիմք դրվի համայնական գիտական աշխատանքի։