Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/307

Այս էջը հաստատված է
Կրթության գործը գաղութներուն մեջ[1]

Ա

Կրթությունը,- ըսավ ընկեր Աղբալյան,- ազգային և դասակարգային տիրապետության զենք է։

Մեր ներկա հասարակական կազմը այնպես մը եղած է, որ ուրիշ առանձնաշնորհումներու կարգին, կրթությունն ալ մենաշնորհը դարձած է քաղքենի, պուրժուա դասակարգին ձեռքը։ Ան է, որ իր զանազան միջոցներովը կտիրանա կրթության, ան է, որ կկատարելագործե զայն, իսկ հանրային կրթությունը իբրև փշրանք կտրվի ժողովրդական տարրերուն, աշխատավորներուն։ Որովհետև տիրող կարգերուն համար հաճելի չէ, որ բանվորն ու աշխատավորը ուսյալ ըլլան։ Չէ՞ որ տիրելու զենք մըն է կրթությունը։

Ազգերու պայքարին մեջ ալ կրթությունը մեծ դեր կկատարե։ Համաշխարհային մրցումին մեջ գերազանց զենք մըն է գիտությունը։ Հարուստը, ինչպես անհատական, նմանապես նաև ազգերու կյանքին մեջ միշտ հաղթական է, հարուստ դրամով, արդյունաբերությամբ և գիտությամբ։

Իսկ հարուստ ըլլալու համար իբր արդյունաբերող և իբր պատերազմիկ, անհրաժեշտ է դարձյալ կրթված բանվոր և զինվոր ունենալ։

Այսօր մենք գաղութներու մեջ տիրապետության խնդիր չունինք․ ըլլա թվով, ըլլա իրավական վիճակով թույլ ենք մենք։ Մեր միակ խնդիրը գոյության և ապրուստի հարցն է։

Բայց թերի է միայն ապրելու մասին մտածելը, որովհետև ո՞վ չի գիտեր, որ մեր ապրած միջավայրին տարրերուն հետ ձուլվելով, կրնանք ավելի դյուրությամբ ապահովել մեր ապրուստը, ո՛վ չի գիտեր, որ այդ կերպով հազար ու մեկ հոգերե ազատած կըլլանք։ Այնպես որ հոս խնդիրը ոչ թե ապրուստի հոգովը կներկայանա, այլ հայ մնալու։ Էականը այն է, որ մենք ապրինք, հայ մնալով ապրինք։

Կրթությունը, որ մենք կուզենք ունենալ, զենք է նույնպես այս տեսակետեն, զենք՝ ազգայնորեն հարատևելու համար։ Հետևաբար մեր

  1. Շաբաթ իրիկուն, Ամեր․ Միչընի սրահին մեջ, ընտրյալ բազմությանը առջև տեղի ունեցավ ընկ․ Նիկոլ Աղբալյանի բանախոսությունը՝ «Կրթական գործը Գաղութներու մեջ» հետաքրքրական նյութի շուրջ։
    Ընկեր Աղբալյան պարզ ու հստակ եղանակով մը անմիջապես նյութին անցնելով, պարզեց զայն բազմակողմանի կերպով մը, որ կրնա կրթական ծրագրի մը նախատարերքը կազմել։ Նկատի ունենալով մասնավորաբար գաղութներու կրթական կյանքի կազմակերպման անհրաժեշտությունը, կներկայացնենք այս գեղեցիկ բանախոսությունը, որքան հնար է իր գլխավոր գիծերուն մեջ։