Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/309

Այս էջը հաստատված է

պանդուխտ հայուն ոգին է, որ պետք է վառ պահել և մշակել, այս է մեր կրթության տեսական ծրագիրը։

Սակայն անհրաժեշտ է նախ ապրիլ, մեր նյութական գոյությունը պահել, ուստի կրթությունը պետք է ըլլա գործնական, այսինքն հաջողության նպաստող։ Կրթությունը ընդհանուր պատրաստության հետ գործ ունի, կյանքը բազմազան է և մենք հարկադրված ենք կյանքին համապատասխան պարտադրություն ունենալ։ Ուստի պետք է արթուն միտք ունենան մեր սերունդները և ձեռական աշխատանքի տարրական հմտություններ։ Այսպես ճշտելով կրթության նյութն ու մեթոդը, ընդհանուր կերպով, կրնանք քիչ մը ավելի մանրամասնության իջնել։ Գործնական հաջողության համար անհրաժեշտ են լեզուներ և գիտություն, աշխատանքի վարժություն, արվեստ և առողջություն։

Լեզուներեն գոնե երեքը անհրաժեշտ են, մայրենի լեզուն՝ ազգայնության պահպանության համար, տեղական լեզուն՝ գործի հաջողության և քաղաքական օգտակարության համար և օտար լեզուն՝ (անգ., ֆրանս, գերմ. և այլն) ընդհ. քաղաքակրթության հետ շփում ունենալու համար, քանի որ անբավական են մեր մայրենի լեզուն և մշակույթը։

Աշխատանքի վարժությունները ոչ միայն իբր արհեստ արժեք ունին, այլև ընդհ. զարգացման իբր միջոց։ Ձեռքի վարժությունը մտքի զարգացման նախապայմանն է։ Քաղաքակրթությունը ոչ միայն հղացում է, այլև մանավանդ կատարում, իրագործում։ Ինչպես լեզուն իմացական կրթության հիմն է, այնպես ալ աշխատանքը նյութական կատարման հիմն է։ Այնպես որ աշխատանքը իբր հիմնական առարկա պետք է ուսուցվի։ Ասիկա ոչ միայն պարզ վարժություն է, այլև ծանոթություն, զարգացման տարր, ոչ թե բառական, այլ գործնական իմաստով։

Արվեստի ուսուցումն ալ էական տեղ պետք է ունենա մեր կրթության մեջ։ Արվեստը հանրակեցության, հավաքական կյանքի ազդակներեն մեկն է։ Նվագ, երգ, պար, նկարչություն և այլն կնպաստեն այդ ոգիի զարգացման։ Մարդկային հոգիին բերանը միայն լեզուն չէ, այլ և մարմնի մյուս մասերը։ Արվեստն ալ լեզու մըն է, որ կյանքը ավելի դյուրին և հաճելի կդարձնե, ան ալ հարատևելու պայման մըն է։

Նույն նպատակին կձգտին նաև մարզանքն ու խաղը, որոնք միացած աշխատանքին, կկազմեն աշակերտին բնավորությունը, կնպաստեն հավաքական ոգիի զարգացման ինքնիշխանության, կարգապահության և առողջության զարգացման։

Ահա հիմնական պայմանները մեր ըմբռնած կրթության։ Բայց կա դեռ մեթոդը։