Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/312

Այս էջը հաստատված է

նպատակը պետք է ըլլա ան, և մենք ամեն ջանք պետք է թափենք զայն իրագործելու համար, իբրև ազգային ձեռնարկ։ Սակայն, կրնանք այժմեն իսկ անոր կարգ մը մասերը կիրարկել։ Բոլոր աշակերտները երկրորդական կրթություն չեն ուզեր անպատճառ, կրնանք հետամնացներուն և փափաքողներուն արհեստագիտ. հմտություն տալ. կրնանք աշակերտներու մեկ մասին հայերենի և հաշվի դասավանդություն ընել միայն և մնացյալ ժամանակը հատկացնել սւրհեստագիտության, կամ սեփական արհեստանոց հիմնելով և կամ արդեն եղած արհեստանոցներու մեջ տեղավորելու աշակերտները։ Այդ արհեստներու ընտրության մեջ երեք հիմնական նյութեր կրնան առաջնորդել մեզ,- փայտ, կաշի և երկաթ, որոնք բավական են ամենեն գործնական և շահաբեր արհեստները ուսուցանելու համար մեր աշակերտներուն։ Ասոնք համեմատաբար մեծ գաղութներուն համար։ Ինչպե՞ս պետք է կազմել փոքր, քանի մը տասնյակ տնվոր գաղութներու կրթական կյանքը։

Գ

Բավական չէ մտածել հոծ գաղութներու մասին։ Մենք ունինք փոքրաթիվ գաղութներ, հոս հոն ցրված, ինչպես Եգիպտոսի մեջ, օր. Թանթա, Զակազիկ և այլն. ուր հայ մանուկներ կան և կարոտ են հայ դպրոցի։

Այս տեսակ վայրերու մեջ կարելի չէ առանձին դպրոց պահել, բայց կարելի է այնպես մը կազմակերպել գործը, որ շրջուն ուսուցիչներ նշանակվին և վեց ամիս տեղ մը, վեց ամիս ուրիշ, մոտակա տեղ մը դասավանդություն կատարեն, տարրական դասընթացքով անշուշտ և միացյալ բաժիններու դրությամբ։ Այս կերպով կարելի կլլա մեկ ուսուցիչով մեկե ավելի բաժիններ կառավարել և որոշ չափով օգտակար ըլլալ։ Այս մեթոդը անհրաժեշտ է մասնավորաբար Ամերիկայի մեջ, ուր հայությունը ավելի ցրված է։ Բայց պետք է այնպիսի միջոցներ ձեռք առնել, որ կրթությունը շարունակվի ընթերցումով։ Այս տեսակետով անհրաժեշտ է գրադարաններ բանալ ժողովուրդին համար, թե հաստատուն և թե շրջուն գրադարաններ՝ ուսուցիչներուն հետ միասին. պետք է մասնավոր շենքեր ունենալ և վճարված պաշտոնյա, ինչպես քահանան։

Մեծ ուշադրության առարկա պետք է ընել հասարակության կրթության խնդիրը։ Հասարակության մեջ կան երկու խավեր, անգրագետներ և ուսումնատենչներ, որոնցմե առաջիններուն պետք է, տնական դասընթացքի ձևով, ավանդել գեթ հայերեն ու հաշիվ, իսկ երկրորդներուն գիտություններ և լեզուներ։

Բայց չի բավեր ծրագիր կազմել։ Կարևորը անոր իրագործումն է և