Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/316

Այս էջը հաստատված է

և ամռան նյութերը թողնելով երկրորդ տարվան առաջին կիսին, եթե հորինողները մեծ նշանակություն են տալիս պարապմունքների նույնժամեության սկզբունքին։

Այս դասագիրքն ունենալով մանկավարժական առավելություններ, անթերի չէ լեզվական և հմտության կրկին տեսակետներից։ Վարժությունների մեջ պատահում են այնպիսիները, որ անկարելի է հաջող համարել։ Օրինակ՝ էջ 9 կարդում ենք. «Ընտանի կատուն կտաս կուտի պատի տակ, սպաս կուտի պատի տակ, սպաս կուտի, պաս ու ուտիս պաս կուտի» այս հատվածը գուցե վատ չէ իբրև վարժություն, բայց իբրև բովանդակություն ու լեզու անհաջող է և մինչև իսկ անիմաստ։ Անմիջապես դրա տակ կարդում ենք. «մուկըն ասավ մըկանը»։ Շատերը նկատած կլինեն, թե ինչպես երեխաները դժվարությամբ սովորում են բառերն իրար կցել, նախորդի բաղաձայնը հաջորդի ձայնավորի հետ արտասանելով։ Վերը բերված օրինակը նրանց ավելի համառել պիտի տա իրենց հոռի արտասանության վրա։ Հետևյալ էջում եզանն ուզում են «արտը տանել», որ այնտեղ «պոկի և ուտի». արտը եզան ուտեցնելը չպետք է սիրո նշան համարել և եթե այդ հակումը լինի իսկ երեխաների մեջ, պիտի արմատախիլ անել։ Հետևյալ վարժությունը, որ լուսնին է վերաբերում, նույնպես անհաջող է, ինչպես և հաջորդը, ուր շուն ու կատու սիրով ընկերներ են երևում, ինչ որ հակառակ է իրականության։ Դրանից հետո եկող վարժությունը մութ է բավական. հատկապես այն խոսքը, թե «մեր շունը տասն է, սա (էշը) մեկ»։ Էջ 12-ում նանը իր թոռանն անվանում է «ուրուր», որքան գիտենք ռուս մամիկներն են իրենց թոռներին соколь անվանում, մենք գոնե նման փաղաքշանք լսած չենք հայ նաներից։ Արորին վերաբերող վարժության մեջ ակնհայտնի սխալներ կան. «օրոր-շորոր վար արա»,- ասում են արորին, որ մաճկալի ճնշման տակ չպիտի համարձակի օրորվել. «ոլոր-մոլոր ակոս շարի»,- ասում են նրան, մինչդեռ ակոսների ուղիղն է գերադասելին ու ցանկալին։ Հետևյալ հատվածում ծիտը կոչվում է «ծըվծըվան», որ ավելի մկան համար կասեն, քան ծտի։ Այդպիսի լեզվական և հմտության պակասներ նկատվում են և «Բզեզի երգում» (էջ 19), «Ճուտիկի» մեջ (էջ 21), «քթոցի» մեջ (էջ 23), «համբույր» հատվածում (էջ 25)։ «Ծառի ճյուղին» վարժության մեջ կարդում ենք (էջ 27), որ սոխակը բուն է հյուսել ու «կախ արել ծառի դալար ճյուղերից»։ Հմտության պակաս, արևադարձային երկրներում միայն կարելի է հանդիպել թռչունների, որոնք կախված բներ են շինում։ 29 էջում կարդում ենք. «պստիկ Իսակ, Սիսակ, Միսակ, պըտ-պըտուրիկ իրար տեսակ», որի միտքը պարզ է անշուշտ միայն