Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/325

Այս էջը հաստատված է

Նամակներ

Սիրելի մայրիկ!

Այսօր ստացա քո նամակը և չուչխելը, շատ ուրախացա, բայց և շատ ցավեցա, որ իմ ասածներս չեք կատարում, ես գալիս ասի, որ ոչինչ միք ուղարկի, հարկավոր չէ - իսկ դուք հանկարծ չուչխել եք ուղարկում։ Կարծիք չկա, որ շատ սիրելուց ես ուղարկել, բայց ավելի լավ կլիներ, որ չուղարկեիր։ Բայց չնեղանաս, ինչ արել ես - արել- հիմի կմտածես, թե Նոր տարուն էլ հարկավոր է մի բան ուղարկել, Աստված է վկա շատ կնեղանամ, որ ուղարկեք - հիմի կասես, թե ուրիշների մայրերը կամ բարեկամները կուղարկեն, կտեսնի նոցա ուտելիս, սիրտը կուզի։ Էդպես բան իսկի մի մտածիլ, նախ իմ ընկերները ինձ էնքան սիրում են, որ մի բան առանց ինձ չեն ուտում- հենց հիմի իմ ընկերներիցս մեկը մի տանձ ուներ - մի տանձն ինչ է, բայց բաժանեց ինձ հետ և երկրորդ, ես ոչ շատ մտիկ եմ անում, թե ինչ են ստանում և ոչ էլ հետաքրքրվում։ Էնպես որ թե ինձ սիրում ես ոչինչ մի ղարկիլ - հո գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում, քան աշխարհումս մի բան, թե ուզում ես, որ միշտ սիրեմ, ոչինչ նեղություն մի քաշիլ ղարկելու։ Հիմի մտածում ես, թե որդիս էստեղ լիներ, մեր բաղի խաղողը կուտեր, կուրախանար։ Դու կարծում ես, թե քի՞չ խաղող եմ կերել, օր չի անցել, որ խաղող չուտենք։ Ես չի պիտի գրեի քեզ, թե փող է հարկավոր, բայց ինչ արած - ոչ կոնվերտ ունեի, ոչ թուղթ, շատ աշխատեցի մի ելք գտնել, չգտա - վերջը գրեցի։ Էստեղ զանազան բաների համար փող են հավաքում, ես էլ գրված եմ իհարկե, մեկ էլ դրա համար է հարկավոր։ Դու գրում ես, թե սպիտակեղեն հարկավոր չի՞ – ինչ սպիտակեղեն, էստեղ ամեն շաբաթ փոխում ենք, երեք օրը մի <ջեր> ձեռքի աղլուխներն ու ոտքի փաթաթաններն ենք փոխում։ Երկուշաբթի թազա կարած շորերը կբաժանեն, Մասիսը ձնել է վաղուց <տակերը> սպասում եմ օր օր, թե երբ պիտի գա ձմեռը, ապա գարունքը, որ գամ մեր քաղաք։

Երբեմն գնում եմ դուրս, տեսնեմ Արագածի <տակերը> յա Արայի լեռը հո չի ձնել։ Սաստիկ սպասում եմ ձմռան։ Ես ցույց եմ տալիս էստեղ իբր թե իսկի այնումս չի գալիս քաղաք գնալ։ Խաղալու զանգը տվել է, չեմ կարող շարունակել, պիտի գիմնաստիկա խաղանք․․․ Մնաք բարև, ես լավ եմ․․․

Բոլորին բարև և քիչ նամակագիր<․․․>

Մնաք բարև քո՝ Ն․ Աղբալյանց

1892/նոյեմբեր 2

ԳԱԹ, Ն․ Աղբալյանի ֆոնդ, գ․ 3839-4