Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/327

Այս էջը հաստատված է

վերաբերմամբ։ Այս ամիս շատ տարված եմ գեղարվեստով՝ ճարտարապետություն, քանդակագործություն և նկարչություն, և այնպես լավ հասկանում եմ, թվում է ինձ (որովհետև տեսած բաների մասին ինչ կարդում եմ, տափակ ու անշնորհք են), որ փորձություն ունեմ այդ կարգի գրադատականներ գրելու, բայց որտե՞ղ։ Այստեղ կա «Աղեքսանդր III–ի թանգարան», ի՜նչ բաներ կան ռուս արվեստից, կհիանաս։ Եվ, ինչպես հասկանում եմ, մի քանի բան մանավանդ։ Սակայն առայժմ իկոնների մասին եմ կարդում և իկոններ եմ նայում։ Բաներ կան, բարեկամ, որ զզվելի են կարծես, բայց որ լավ դիտում ես, ճանաչում ես մարդուն, որ ստեղծել ու հղացել է այդ բաները... Շատ տպավորություն ունեմ, բայց հաղորդել չեմ կարող, խառն են, բուռն ու անկերպարան։ Բայց, եթե գրելու լինեմ այդ մասին մի բան, միտք ունեմ նամակների ձևով գրելու և, հավանորեն, քեզ ուղղած։ Այստեղ կա և մի Էրմիտաժ, որտեղ կարելի է շատ լավ անցնել ամբողջ գեղարվեստի պատմությունը՝ Եգիպտոսից մինչև Եվրոպա։ Բայց դեռ մանրամասն չեմ նայել։ Այս բոլորի մասին կգրեմ, եթե լսեմ, որ նամակս տեղ է հասել...

Այստեղ է Թառայանցը։ 400 էջից բաղկացած մի շքեղ, պատկերազարդ ու մեծադիր «Շիլլերի կյանք» է հրատարակում։ Լավ բան դուրս կգա, հավանորեն, կարդացի առաջին թերթը։ Մի թերթի մասին զրույց դարձավ մեր երկուսի և Դուրբախյանի մեջ, որ նույնպես այստեղ է (միասին են ապրում) և բարևներ է անում ձեզ։ Հանձնեցին ինձ կազմել ծրագիրը, ես էլ կազմեցի, բայց դրամն է գլխավորը, իհարկե։ Օրագիր կազմելուն որ գա, շատ ավելի լավ ծրագիրներ ունեմ պատրաստ, գլխիս մեջ։ Թերթը՝ «Գրախոս» անունով, պիտի լինի կիսամյա, 300 էջ ամեն մեկը, նպատակը՝ զարկ տալ հայ գրականության զարգացմանն ու ծավալմանը։ Միջոցներ՝ 1) Գնահատել տարվա ընթացքում լույս տեսած բոլոր հայերեն գրքերը. 2) Ծանոթացնել հայ աշխարհիկ գրականության անցյալի ու ներկայի հետ. 3) Ուսումնասիրել այն բոլոր պայմաններն ու հանգամանքները, որոնք նպաստում են կամ արգելում են հայ գրականության զարգացմանն ու ծավալմանը։ Օժանդակ միջոցներ, ա) Հրապարակել հայ հին թերթերի բովանդակության ցանկը, բ) Տեղեկություն տալ օտար լեզվով լույս տեսած գրվածների մասին՝ հայ նոր գրականության վերաբերյալ. նշանակել հայ հեղինակի օտար լեզվով գրած աշխատություն և քաղել նրա մասին եղած օտար կարծիքները, նշանակել թարգմանությունները, որ լինում են մեր գրականությունից։ Բոլոր կետերն աշխատել իրագործելու նաև տաճկահայ գրականության վերաբերմամբ։ Այս բոլոր կետերն ավելի մանրամասն բացատրություններ ունեն,