Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/330

Այս էջը հաստատված է

անում։ Կազմում եմ մեր պարբերական մամուլի նյութերի ցանկն ու դրան զուգահեռ մի քանի ուրիշ ցուցակներ, այն է․ մի տեղ հավաքում եմ այն բոլոր տեղեկությունները, որ կա որևէ նշանակություն ունեցող անձի մասին մեր գրականության մեջ․ առայժմ միայն տեղերն եմ նշանակում․ այսպես, օրինակ՝ Գր․ Արծրունի - տես Արձագանք, 1883, № 7, ներք․ տես։ Մի այլ տեղ - որևէ գրքի մասին ինչ տեղ ինչ կա գրած կամ հենց հիշած, թե ստացանք։ Մի ուրիշ տետրակում ցուցակագրում եմ որևէ հեղինակի գրածը առհասարակ՝ օր․ Մանդինյան Սեդ․, Վարժարան, 1882/3, № 4 «դասատվությունը»։ Մի ուրիշ տեղ, թե ի՞նչ կա թարգմանած որևէ օտար հեղինակից․ օր․ Անդերսեն - «Որևէ անուն», տես Վարժարան, 1883/4, մանկական բաժին, էջ 34 և այլն։ Այս՝ համարձակվում եմ ասել հսկա ձեռնարկությունը մի նախապատրաստական աշխատանք է իմ ապագա հոդվածների, կենսագրությունների, բնորոշումների և իբր վախճան ու վերջնական նպատակ այս ամենի՝ «Հայոց նոր գրականության պատմություն»՝ եթե մի կերպ Վիեննա ընկա, և «Ռուսահայ գրականության պատմություն», եթե այս քանղված երկրում փտելու դատապարտվիմ վերջնականապես։ Այս աշխատանքը ինձանից շատ տարիներ կուզի, իմ երիտասարդությունը՝ որ ես ամենայն պատրաստակամությամբ նվիրում եմ, միայն․․․ ես պիտի նաև հաց աշխատեմ իմ ու ծնողներիս համար, ահա այս է մեջքս կորացնում օրը 4 ժամ հին ու մոռցած հայ թերթեր կարդալն ու շրջելը և քաղվածներ ու նկատողություններ անելը։ Իմ այստեղ մնալը կապված է տարեկան 200 ռ․ հետ, բայց համոզված եմ, որ չեմ գտնի, որովհետև ինժեներություն չեմ սովորում։ Մայիսին կգամ Կովկաս և նորից մի տեղ պիսեր կմտնեմ, որ գրող դառնալ կարողանամ, ոչ ոքից չեմ գանգատվում և ոչ ոքից էլ պահանջ չունեմ։ Կանեմ այն, ինչ որ հնարավոր է, հնարավորություն չունենալով անելու այն, ինչ որ կարող եմ և ընդունակ եմ։

Դու ինչ բանի ես․ մի քնի․ հանճարը համբերություն է և աշխատանք, ասաց մեկը - համաձայն չեմ։ Բայց առանց այդ երկուսի հանճար չի լինում․ ուրեմն, ի գործ․ մտածիր, որ կարող ենք կորցնել երկինքը մեր աչքերից․ բարձրացիր և բարձրացրու, որովհետև կարող ես․․․

Համբույրս,

Քո Նիկոլ․

Հարգանքով բարևներս հիշիր մեր պատվական բարեկամ Լ․ Մանվելյանին․ բարևիր և նրանց, որոնց ճանաչում եմ։

ԳԱԹ, Գ․ Լևոնյանի ֆոնդ, գ․ 2638