Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/334

Այս էջը հաստատված է
1923, 6 փետրվարի
Թավրիզ

Սիրելի Արտաշես,

Վերջին երկու նամակդ և 100 տոլարի չեքն ստացա նույն օրը հունվարի 25-ին։ Դրամն անմիջապես փոխադրեցի տուն, ուր սեպտեմբերից սկսած ոչինչ փոխադրել չէի կարողացել ու չգիտեի, թե ի՞նչ օրում են։

Շնորհակալ եմ, լավ հասցրիր, հոգիս հանգստացավ առժամապես, կարող եմ հանգիստ աշխատել։

Պիտի իմանաս, որ սկսած դեկտեմբեր 1-ից մենք համարյա նպաստ չենք ստանում։ Դեկտեմբերին ստացել ենք մարդագլուխ 7-ական, իսկ հունվարին՝ 4-ական թուման։ Միաժամանակ մեզ հայտնել են, որ այսուհետև ոչ մեկ նպաստ ստանալու չենք։ Հիմնել են դեկտեմբերից «պրոպագանդի դպրոց», ուր ես շաբաթն երկու ժամ խոսում եմ «սոցիոլոգիայից» և մի ժամ բացատրելու եմ Դաշնակցության ծրագիրը, դրա համար ստանում եմ ամսական 10 թուման։ Այդ է իմ բյուջեն։

Կարող ես երևակայել վիճակս, մանավանդ հոգեկան, երբ մտածում էի երեխաներիս մասին։ Վերջապես, այս ծանր հոգսից առժամապես ազատվեցի։

Բացի վերը հիշված դասախոսություններս՝ սկած նոյեմբերից ընկերների բազմության առջև ես շաբաթը «մի ժամ բացատրում եմ մեր ծրագրի տեսական մասը։ Արդեն 15 ժամ խոսել եմ, այս Ուրբաթ կվերջանա։ Նայելով կոնսպեկտներիս, որ մի փոքրիկ բրոշյուր են կազմում, ես կարծում եմ, որ սա հարմար նյութ կլինի «Հայրենիք» լրագրի համար։ Դրանք մի շարք էտյուդներ էին, որ կարող էին հետո առնվազն 16 բրոշյուր կազմել նվիրված հասարակագիտական խնդիրների և իբր բնաբան ունենալով մի հատված մեր ծրագրի առաջաբանից։

Եթե հարմար նկատես այսպիսի մի նյութ զետեղել լրագրի մեջ՝ ես հաճույքով կմշակեի, հետո դուք լրագրից արտահայտելով՝ կդարձնեիք «Ծրագրային մատենաշար»։

Ինչ խոսք՝ որ կարող եմ գրել և գրական նյութերի մասին։ Մինչև ստանամ քո կարծիքն այս մասին, ես կշարունակեմ արտագրել սևագրածս հուշերը և պարբերաբար ուղարկել։

Իմ հավաքած նյութերից (ապստամբական շրջանի մասին) ես կարող էի զատել մի մասը և մշակել՝ օգտվելով նաև դատական արխիվի գործերից (Նժդեհի դատը) և Զանգեզուրի կառավարության թղթերից, որ բարեբախտաբար բերված է Թավրիզ։ Դա կլիներ «Մի դրվագ հայոց նորագույն պատմությունից․ Սիսական»։ Կարող էր տպագրվել թե «Հայրենիք»