Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/337

Այս էջը հաստատված է

եղած նավերը ճամփան չկորցնեն և ափի քարափներին չդիպչեն։ Իսկ այն ծովը, որ տեսնում ես նկարի վրա․ Միջերկրական ծովն է․ ասում են «Միջերկրական», որովհետև Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի մեջտեղն է։ Ալեքսանդրիան Աֆրիկայի ափին է․ իսկ դո՞ւ որտեղ ես․ գրիր։

Համբույր, քո հայրիկ։

Ռոբեն որդու անձնական արխիվ

1924, III/09

Սիրելի մանչուկ,

Շատ սիրով կարդացի քո նամակը, թատրոն գնալով դերասան չդառնաս, հա։ Բայց դրա համար էլ մեծ ուսում պետք է, էս լավ իմանաս։ Լսեցի, որ տոնդ ուրախ է անցել, բայց դու հիվանդացել էս։ Վնաս չունի։ Ուրախ եմ, որ լավ ընկերներ ունես և իմ ուղարկած դրամն էլ ժամանակին հասավ, որ նրանց հյուրասիրես։ Այս արձանը քաղաքի հրապարակներից մեկի վրա է։ Ձիավորը Մահմեդ Ալին է, որ Եգիպտոսի խտիվն էր (խտիվ՝ նշանակում է իշխան) մեզանից 80 տարի առաջ։ Նա տաճիկ սուլթանի հետ կռիվ ունեցավ, հաղթեց նրան, քիչ էր մնում Պոլիսն առներ, բայց եվրոպացիք չթողին։ Նա ազատեց Եգիպտոսը տաճիկների ձեռքից։

Բարի գիշեր, համբույր, քո հայրիկ։

1924, 12 Օգոստոս
Երուսաղեմ

Սրբազան Հայր,

Ձեր նամակը ստացել եմ սրանից մի ամիս առաջ, բայց իմ աշխատանքի ամենաեռուն ժամանակը լինելով՝ պատասխանել չկարողացա։ Որոշեցի գրել Ձեզ Երուսաղեմից, ուր ապրում եմ այս քանի օրը, մտածելով, թե Սուրբ երկրից գրված նամակը ձեզ ավելի հաճելի կլինի։ Ութերորդ օրն է, որ այստեղ եմ և շարունակ այցելում եմ այս ու այն վայրը․ վաղը պետք է գնամ Մեռյալ ծովի ափը, Հորդանանի ջուրը խմեմ, «...» տեսնեմ և Եղիսեի աղբյուրի մոտ ճաշելով՝ վերադառնամ Ս. Հակոբի վանքը։ Պիտի թևիս դրոշմել տամ Ս․ Հակոբի կապույտ նշանը և դառնամ մահտեսի։ Երուսաղեմի մասին խոսելու համար մի հաստ գիրք պետք է գրել․ Սողոմոնի տաճարի հին պատը, որի մոտ ուրբաթ օրերը լաց են լինում հրեաները՝ Սաղմոս կարդալով, Օմարի մզկիթը, որ արաբական