ճարտարապետության մի սքանչելի նմուշ է, Ս. Հարության տաճարը՝ բյուզանդական ոճի մի հոյակապ մնացորդ, Բեթղեհեմի այրի վրա կառուցած եկեղեցին, որ նավի ձև ունի, Հուդայի թագավորների դամբարանը, որ փորված է միակտուր ժայռի մեջ, Գեթսեմանի պարտեզը և Ձիթենյաց սարը, Երուսաղեմի բարձրադիր պարիսպները, որ մեծ մասով մնացած են անվնաս և արաբական տիրապետության մնացորդ են, անթիվ վանքեր ու մենաստաններ ամեն ազգերի, ամեն դավանությունների և երկու սեռի, կան կանանց վանքեր, ուր կույսերն ուխտած են տղամարդու երես չտեսնել, կան մշտատև պաշտամունքի կանանց վանքեր, ուր գիշեր-ցերեկ առնվազն երկու կույս աղոթում են լուռ, կա տղամարդկանց վանք, որի միաբանությունը լռակյաց է և նշաններով է խոսում. կան գիտուն դոմինիկյանների, ֆրանցիսկյանների և բենեդիկտյանների վանքեր։ Ֆրանցիսկյանները, օրինակ, 65 վանք ունեն Սիրիա, Պաղեստին և Եգիպտոս, մեծ մասը Ս. Երկրում, ունեն իրենց կոշկակարանոցը, տպարանը, ատաղձագործարանը, դարբնոցը, ուր անընդհատ աշխատում են միմիայն իրենց վանքերի կարիքների համար։ Անգլիական միջնադարյան ասպետների կարգը, որ աչքի հիվանդության դարման էր տանում, մնում է մինչև այսօր և ձրի բուժում է տեղացիների աչքերը։ Այս սրբավայրերի և վանքերի միջև շատ պատկառելի տեղ ունեն հայերը, հաճախ հույներին հավասար և միշտ լատիներենից գերազանց, մարդ զարմանում է, թե ինչպես մերոնք կարողացել են այս հզոր մրցորդների դեմ պահպանել իրենց դիրքերը։ Սիոն լեռան 1/5-ը հայերին է պատկանում իբր կալվածք. վանքն ունի բազմաթիվ շենքեր քաղաքի մեջ ու դուրսը՝ Բեթղեհեմում. միջազգային սրբավայրերի մեջ երկրորդ կամ երրորդ տեղում է Իրանը, ինքն իր կողմից հովանավոր է Ղպտիների և Ասորիների։ Ս. Յակոբա եկեղեցին ինքը մի թանգարան է իր պատկերներով, կանթեղներով, սատապե դռներով, գորգերով և այլն և իր մեջ ունի մի հարուստ թանգարան, ուր պահում են պատմական հնությունները շատ արժեքավոր, Հեթում թագավորի մի գավազանը կա մոտ 1 1/2 արշին երկարությամբ և միջնամատի հաստությամբ միակտուր մի սաթ է՝ շատ նուրբ քանդակած գլխով ու ծայրով. մագաղաթե ոսկեկազմ Ավետարաններ կան մեր թագուհիների համար գրված, եկեղեցական զգեստներ կան սքանչելի նրբությամբ ասեղնագործած, ո՞ր մեկն ասեմ և ո՞րը թողնեմ։ Քաղաքն ինքը մի հնություն է՝ միջնադարի կնիքով, նեղ փողոցներ, կամարակապ և լուսանցքներով, տներ, որ շինված են փողոցի երկու կողմերը միացնող կամարի վրա, նեղ պատուհաններով և գմբեթավոր կտուրով, ամեն քայլափոխին մի եկեղեցի, մանավանդ
Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/338
Այս էջը հաստատված է