Գողգոթայի ճանապարհին, մի տեղ Քրիստոսը սրբել է քրտինքը- եկեղեցի է շինված, մի ուրիշ տեղ կքած է խաչի տակ - եկեղեցի, մի այլ տեղ կանգ է առած - եկեղեցի, մի խոսքով դիպված չկա Հիսուսի կյանքի մեջ, որ օգտագործված չլինի մի եկեղեցի շինելու համար։ Սքանչելի է Ձիթենյաց սարը, ուր մենք նույնպես կալվածներ ունենք, այնտեղ է և Ռուսաց մեծածավալ վանքը ամենաբարձր զանգակատնով - շատ անշուք վիճակում․ նրանց եկեղեցին շինելու ժամանակ գտնվել են հայկական մոզայիկներ, որ պահում են խնամքով, պետք է կարծել շինված է 551 թ․ առաջ, որովհետև միայն ամսաթիվ ունի, իսկ թվական չկա․ մեսրոպյան գրերով կարդում ենք, «Այս դիր է Շուշան, այ մատ արտավանայ, հոռի ԺԸ»․ քաղաքի մեջ ևս մի տուն շինելու ժամանակ գտնված է հայկական մոզայիկ․ վանքը իսկույն գնել է այդ տունը․ Հայաստանի թռչուններ են և խաղողի ողկույզներ, և հին տառերով վերտառություն ունի «Վասն ազատութեան և փրկութեան ամենայն հայոց զորոց զանուանս տէր գիտէ»։ Շատ հուզվեցի կարդալով այս գրությունը, մարդը ահագին ծախս է արել և իր անունն իսկ չի գրել և մինչև իսկ իր մերձավորների համար չէ, որ շինել է տվել մոզայիկը, «այլ վասն ամենայն հայոց, որոց անուն տէր գիտէ», ինչ խոնարհություն և այլասիրություն։ Պիտի ասեմ, սակայն, թե ես էլ կնախընտրեի ամեն ինչ պարզության մեջ տեսնել։ Ավետարան կարդալիս մարդ ավելի պայծառ պատկերացում ունի, քան Ս․ երկիրը տեսնելիս․ Գողգոթան չի երևում․ ոսկե մի աստղի մեջ մի ծով է բացված, կարող ես ձեռքդ մեջը տանել և ժայռը շոշափել․ վրան մի շքեղ սեղան է մի տաճարի մեջ․ գերեզմանը ծածկված է մարմար քարով և սեղանի ձև ունի, ամեն գիշեր երեք պատարագ են անում վրան հույն, լատին, հայ, գիշերվա ժամը 1-3, մինչդեռ կուզեի քարափի մեջ փորած գերեզմանը տեսնել, ծննդյան այրը կորած է կանթեղների, թրգեղների, աշտանակների մեջ և վրան հոյակապ հին եկեղեցի, մինչդեռ կուզեի պարզ այրը տեսնել, Ձիթենյաց սարը և Գեթսեմանի այգին լիքն են շենքերով։ Չկա պարզությունը։- Պահո, տեղ չմնաց գրելու, սրտագին բարևներս սիրելի Մարտինին և Պիոնին, բարևներս բոլոր տեսնողներին և ճանաչողներին․ շատ հոգնել եմ, շատ կարոտել եմ մեր աշխարհին, մարդկանց, սիրով հիշում եմ Թավրիզը, որ մեր երկրի շունչն ուներ և հուսով եմ, թե ինձ չեք մոռացել։ Ողջույն Սիոնի լեռից․
Ձեր Նիկոլ