Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/344

Այս էջը հաստատված է

մի նամակ գրեցի և հայտնելով, թե երևի ինձ ճանաչողներ կլինեն խմբագրության մեջ՝ խնդրեցի այդ գրքերն ուղարկել ինձ և փոխարենը խոստացա կամ դրամ ուղարկել կամ գրքեր ինչ լեզվով որ ուզեն և ինչ գիրք ուզեն, բայց պատասխան չստացա, երևի նամակս կորավ ճամփին։ Դու կարող ես Թիֆլիս որևէ ծանոթ մարդու գրել, որ գիր ու գրականության հետ գործ ունի․ թող որոնեն, գտնեն, գինը քեզ հայտնեն։ Գերմաներեն կա մի փոքրիկ քերականություն, բայց հեղինակը հմուտ չէ վրացերենին և Մառը իր մի գրվածքում այդ տեսակներին բավական ծաղրում է։ Ես այնքան սերտ կապ եմ գտած վրացերենի և հայերենի միջև, որ պիտի զարմանան ամենքը, երբ աշխատությունս լույս տեսնի, դրա համար իմ իմացած բառերը քիչ են․ մի 100-200, որքան կհիշեմ։ Պետք է բառարան, որ բառ բառի դեմ բռնեմ։ Այդ նմանությունը գտնելու համար ես նոր տեսակետ մշակեցի մեր հնչյունների մասին, որ հաստատվում է հազարավոր փաստերով․ երբ այսպես լուծում են հայոց բառերը՝ նրանք մի կողմից մոտենում են վրացերենին, մյուս կողմից հին ուրարտական բառերին, որով հայերը ոչ թե ձուլված են և հայ դարձած, այլ մեր լեզուն հենց ուրարտերեն է որ կա՝ միայն խիստ ձևափոխված։ Եվ այդ ուրարտերենն էլ հնդիկ-եվրոպական լեզու է։ Վերջապես՝ գլուխդ ինչ ցավացնեմ։ Այդ բառարանն ու քերականությունն ուղարկիր կամ բեր անպատճառ, լավ հայր եմ և լավ ամուսին։ Խոսք չկա. փոխանակ դրամ ու նվեր ուղարկելու՝ լեզվաբանությամբ գլուխ եմ լցնում։ Երկուսն էլ թող իմ պարտքը լինի։

Համբույր՝ քո Նիկոլ

ԳԱԹ․ Ն․ Աղբալյանի ֆոնդ, Գ․ 3839-19
1927 հունվ․ 25
Ալեքսանդրիա


Սիրելի Արտաշես

Դու ինձ կալմեջ ես արել, ամեն կողմից ասում են՝ գրի, հա գրի, և քո դրդումով են ասում։ Ես էլ ուզում եմ, որ մի բան գրեմ, բայց ի՞նչ։

Միտքս զբաղված է լեզվական խնդիրներով։

Անցյալ օրը Շանթի հետ խոսեցի ուղարկածս հոդվածի մասին, որ պատրաստում էի «Սիոն»-ի համար։ Ասավ․ Ինչո՞ւ «Սիոն»–ին և ոչ «Հայրենիք»–ին։ Ասում եմ, բայց մի՞թե այս կարգի նյութերը կտպագրեն «Հայրենիք»-ի մեջ։ Ասում է՝ ինչո՞ւ չէ։ Բավական սիրտ տվեց․ ես էլ աշխատեցի հետաքրքրական ձևով գրեմ, որքան նյութը թույլ կտա։ Չասես, թե չեմ մտածում «Հայրենիք»-ի մասին։