Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/346

Այս էջը հաստատված է

չհանենք, կամենալով օգտակար լինել «Հայրենիք»–ին՝ չտանք, չվնասենք նրա տարածման։ Ուրեմն, մի կարծեր, որ սրտիս ցավ կլինի, եթե ուղարկածս չտպագրվի, բնավ։ Կզարմանամ, որ տպագրվի։ Հիմա դու գիտես։

Ոզում էի գրածիս մի քանի տող առաջաբան կցեմ, թե, ով ընթերցող, եթե համ չառնես իմ գրածից, մեղավորը ընկեր Դարբինյանն է, որ ինձ ստիպում է գրեմ, բայց հետո թողի։

Կնոջդ ու ընկերներին շատ բարևներ, քեզ առողջություն և հաջողություն։

Քո՝ Նիկոլ

ԳԱԹ, Ն․ Աղբալյանի ֆոնդ, Գ. 3839-21
1938, մարտ 29
Բեյրութ

Սիրելի Համաստեղ,

Ստացա նամակդ և սիրով կարդացի։ Լսած էի ամուսնությունդ և եթե չեմ սխալում - գրած էի, թե չեմ գրած՝ ահա գրում եմ հայտնելու համար, որ ուրախ եմ աշխարհ մտնելուդ առիթով։ Մեր ժողովուրդը ամուսնանալուն «աշխարհ մտնել» է ասում, համարելով թե ամուրին դուրս է աշխարհից, այսինքն համայնքից և նրա գործերից։ Բարևիր մեր անծանոթ հարսին և հայտնիր իմ մաղթանքները ձեր մի բարձի ծերանալու մասին։ Եթե իրար հասկանաք և իրար օգնեք՝ վստահ եղեք, որ կյանքը կանցնի առանց մեծ դառնության․ եթե իրար հասկանաք և իրար չխանգարեք՝ նորից կարելի է ապրել հաշտ ու համերաշխ։ Իսկ եթե ամեն մադ իր էշը քշի - այն ժամանակ զուր էր ճամփի ընկեր դառնալը։ Մեր անհատապաշտ դարում հաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու - թե ընկերությունը փոխադարձ զիջում է, որ կամ պետք է սիրով կատարել կամ արդարությամբ․ լավ է, անշուշտ, որ սիրով կատարվի, այն ժամանակ հաշիվ չի պահվի, ինչպես մայրն իր երեխայի հանդեպ, բայց գոնե արդարությամբ պետք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ։ Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնության մասին․ կամովին առած լուծ՝ կյանքի ակոսը վարելու։ Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն․ սերն անշուշտ ամենագետ է և կարող է ամեն սուր անկյուն մաշել մեղմորեն, բայց սերն այնքան նույնացած է հիմա սեռի հետ, որ «մարդն» անտեսվում է և «կինն» է մարդու աչքին երևում, որ կարող է կորցնել իր թարմությունը։ «Մարդուն» սիրելով պետք է «կին» առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մեջ։ Երբ մարգը սիրվի