կնոջ մեջ՝ նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը։ Սա թող լինի իմ բարեմաղթությունը ձեզ։ Երկար ապրելու չեք․ ամենաշատը հարյուր տարի, ուրիշ անգամ աշխարհ գալու չեք. – Այս է որ կա․ հետո գալու է հավերժական խավար և հանգիստ։ Պետք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամփան․ հաշտ ու համերաշխ։ Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա՝ ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվին և թեթև կապրեն այս աշխարհում։ Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունորեն բարձրացնում է ամեն մի վայելքի և հաճույքի արժեքը։ Եթե մտածենք, որ այսօր անցնում է և վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնություն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանավանդ մեր սիրածին։ Ինչ պիտի տար սրտնեղությունը, վիրավորանքը, անուշադրությունը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խոսքը, հարգանքի պակասը, հնարավորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակությունը․ հավիտյան ապրելո՞ւ ենք․ միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դյուրի՞ն է լավ կին ու բարեկամ գտնելը, տիեզերական ուժեր վարում են մեզ դեպի մահ․ ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մեջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրա չգուրգուրանք, իրար չսիրենք – խեթ-խեթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով ավելի դանդա՞ղ պիտի վարե տիեզերքը մեզ դեպի մահ․ նա, որ չգիտե իսկ, թե մարդիկ սիրել ու ապրել գիտեն․․․Ահա քեզ մի տեսություն «Փիլիսոփայական ամուսնության», որ եթե որդեգրել կարենաք՝ սիրով կանցնեք այս աշխարհից, լայն սրտով և մեծ համբերությամբ, ներողամիտ իրար հանդեպ և համայն մարդկության։
Կարդացի գրածիդ սկիզբը, ինքնատիպ է հղացումը, չգիտեմ թե ուր է գնալու քո մաքին և իր տնկած ագին, կարող եմ ասել, որ ժողովրդական լեզուն և բարեմիտ հեգնանքը գրվածքի աղն են առայժմ, սպասենք վերջին։ Իր ինքնատիպությունը գրավական է ինքնին, ընթացքը հասուն է, անսայթաք, այս նույնպես մի արժեք է և լավ նշան։ Տեսնենք ուր է հասնելու այդ լեռնային վտակը, որ հոսում է վճիտ և մտերիմ գլգլոցով և հիշեցնում մեր աշխարհն ու գյուղը։ Լավ է իրար գրելով հիշելը, բայց չգրելը– մոռացում չէ․ սիրով եմ հիշում և սիրով սպասում ձեզանից գոհության լուրեր, քեզանից գրական լավ գործեր։
Սիրով՝ Նիկոլ