Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/349

Այս էջը հաստատված է

Իսկ արդեն նույն թվականի ապրիլի 20-ի նամակում կարդում ենք. «Լսեցի, որ Զատկից հետո մտադիր եք իմ հավաքածուն տպագրության տալու, կուզեիք օր առաջ ունենալ նախաբանս։ Զբաղված լինելով՝ այսօր միայն կարողացա ժամանակ գտնելու և ահա ներփակ ուղարկում եմ»։

«Ներփակ» ուղարկածը տետրակի կես էջից էլ պակաս չորս թերթիկների վրա աղբալյանական ընթեռնելի ձեռագրով մի գրություն է, խոստացված «Հառաջաբանը»։ Թուղթը դեղնավուն է, 1-ին թերթը անտող, մյուս երեքը՝ քառակուսի տողված։ Սրանցից մեկի 2-րդ էջի հակառակ երեսին կարդում ենք՝ Հ. Հ. Մինիստր հանրային կրթության։ Կարելի է ենթադրել, որ պաշտոնական ինչ-ինչ գրություններից պոկած պատառիկների վրա է գրված «Հառաջաբանը»։ Թեև այն գրականության վերաբերող հոդվածների համար էր նախատեսված, նպատակահարմար գտանք դարձնել «Ընտրանիի» առաջաբան։

Առաջին անգամ տպագրվել է Բեյրութի «Ազդակ» (1993, № 104) օրաթերթում (տես՝ Գ. Անանյանի հրապարակումը՝ «Չհրատարակված գրքի «Հառաջաբանը»)։


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(էջ 7)

Հայոց գրականության «մի գիտական և հմտալից» պատմություն «հորինելը» Ն. Աղբալյանի կյանքի նպատակներից էր։ Տարիներ հետո, սակայն, ավելի ու ավելի հասու է դարձել մեկ մարդու ուժերով այդ խնդրի իրականացման և այլ բնույթի դժվարություններին։

Հառաջացած տարիքում, բարեկամների համառ հորդորներին ունկնդիր՝ ձեռնարկելով այն, իրեն հատուկ շիտակությամբ խոստովանել է. «Գիտեմ, թե ինչ պետք է և ինչպես, բայց բավական չէ պայծառ գաղափար ունենալ գրականության լավ և հմտալից պատմության մասին, պետք է այդ գաղափարն իրացնել կարենալ գործնապես։

Եվ բավական չէ իրացնելու կարողություն ունենալ, պետք է նաև հնար ու միջոց» (Ամբողջական երկեր, հ. IV, էջ 80։ Առաջին հերթին պակասում էր վերջինը՝ «հնար ու միջոցը»։

Նյութականից բացի կային ավելի լուրջ դժվարություններ, որոնց մասին կրկին ցավով ինքն է գրում. «Չունինք մեր գրական պատմական մասնակի հետազոտություններ, չունինք բնագիրների գիտական հրատարակություն ․․․ Հին գրականության հետազոտությունը դեռ չէ դուրս եկած բանասիրական բովից ․․․ Նույն վիճակի մեջ է գրական գործերի գրապատմական հետազոտությունը. աղբյուրների և ազդեցությանց խնդիրների քննությունը հազիվ սկսված է։ Կան գրական ընդարձակ դաշտեր, որ դեռ խոփի չեն հանդիպած» (նույն տեղում)․․․

«Գիտական և հմտալից» պատմության միայն «Ներածությունը» հասցրեց ավարտել, որ հրատարակվեց 1947-ին Բեյրութում՝ «Պատմություն հայոց գրականության. ներածություն» վերնագրով։ «Գրականության պատմությունը» այս «Ներածության» բաժիններից է։