Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/354

Այս էջը հաստատված է

առիթներով գրել է հոդվածներ, գրախոսականներ, կատարել թարգմանություններ (տես՝ «Թարգմանություններ» բաժինը), գնահատանքի խոսք ասել Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ջ․ Սվիֆտի, Անդերսենի, Չ․ Դիկկենսի, Կոնան-Դոյլի, Վ․ Գարշինի, պատմվածքների, Լ․ Անդրեևի, Ա․ Կուպրինի, Ֆ․ Սոլոգուբի, Էդ. դե Ամիչիսի և շատ ուրիշների մասին։

Լ. Ն. Տոլստոյ

(էջ 128)

Գրել է Լ. Ն. Տոլստոյի ծննդյան 80-ամյակի առթիվ։ Մինչ այդ «Զանգակ»-ում գրախոսել էր նույն առիթով լույս տեսած մեծ գրողի պատմվածքների («Ժողովրդական պատմվածքներ») երկու հատորները (№№ 14, 34)։

Դիկկենս Չ․, «Դավիթ Կոպպերֆիլդ»

(էջ 138)

Մինչ այս հոդվածը «Մուրճ»-ում գրախոսել էր Չ. Դիկկենսի երկու պատմվածքի թարգմանությունները («Վերադարձած հանցավորը», 1897, № 1, էջ 136-138, «Ժլատ սկրուջը», № 5, էջ 675-678)։

Ե․ Անիչկով, «Գրական երևույթներ» (փոխառումները գրականության մեջ)

(էջ 155)

Քչերին է հայտնի, որ Աղբալյանը թարգմանություններ ևս կատարել է։ Ռուսերենից թարգմանել է Ա. Չեխովի «Փորձանք» պատմվածքը, տպագրել է Քիլոն կեղծանվամբ (Հորիզոն, 1912, №№ 270, 276), Սերվանտեսի մահվան 300-ամյակի կապակցությամբ «Դոն Քիշոտից» մի հատված (Հորիզոն, 1916, № 87), գրականագիտական-իմաստասիրական հոդվածներ («Հնդիկ իմաստասիրության թանգարանից», Հորիզոն, 1914, № 75, «Վ․ Շեքսպիր» (Մահվան 300-ամյակի առիթով), Հորիզոն, 1916, № 89-91, «Ռուս մտքի աշխարհից», Հորիզոն, 1913, № 98)։ Որոշ թարգմանություններ էլ չեն պահպանվել։ Հայ ընթերցողին նաև այս կերպ էր մասնակից դարձնում արտասահմանյան գրականության ճանաչմանը։

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

(էջ 161)

Իր հոդվածներում մտածումներ արտահայտությունը շատ է օգտագործում Աղբալյանը։ «Ամբողջական երկերի» III հատորը կազմողները իրավացիորեն այս բառով են վերնագրել հրապարակախոսական ելույթները։ Հետևեցինք ավանդույթին։

Բաժնում տեղ են գտել մշակույթի այլևայլ բնագավառների վերաբերյալ հոդվածներ ևս։

Ս․ Նազարյան

(էջ 161)

Մասնակցել է Ստ. Նազարյանի «Երկերի ժողովածուի» Ա հատորի կազմման աշխատանքներին (Թիֆլիս, 1913), գրել ընդարձակ առաջաբան (էջ ԺԱ-ԾԱ)։