Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/40

Այս էջը հաստատված է

մենք տեսանք վերը Գ. Նարեկացու գրության մեջ։ Ոչ մեկ կասկած, որ Նարեկացին կարդացած է Կորյունի գործը. ուրիշ որևէ գրության մեջ այդ բառերին այդ կարգով նա չէր կարող հանդիպել։

Բայց սրանով չի վերջանում մեր դիտողության տարողությունը։

Նարեկացին ոչ միայն լավ ծանոթ է Կորյունի գործին մինչ այն աստիճան, որ գրչի տակ են գալիս Կորյունի հատուկ բառերը, այլև հետևած է Կորյունի բառաբարդության եղանակներին և ստեղծած է հարաբարդ բառերի մի անբավ քանակություն։

Ահավասիկ Ապարանից Խաչի Պատմության կես էջից միայն քաղածս բառերի շարքը, որ մեծագույն մասամբ հատուկ են Նարեկացուն (էջ 22)։ «Ծառս գեղասաղարթս, շնորհաշառաւիղս, ամբարձուղէշս, հաստաստեղունս, մարդադարմանս, բազկաստածուս, աճիւնաճիւղս, վայելչատերեւս, բարեբողբոջ բոյսս... ցցեալ ի գետինս գերապարարս, արգաւանդահողս .. Տունկս ծաղկընծիւղս, պտղածինս, արմախարիսխս, մրգամատոյցս, պատուաստակիրս, պտղապարգեւս, անդս ամենունակս, ջրահոսս և շուշանափայլս, սահմանս վտակարբուս, ուղխապարարս, անձրեւասնունդս, ցօղամատոյցս ...» և այլն։

Այսպիսով մենք տեսնում ենք, թե Գ. Նարեկացին ոչ միայն կարդացած է Կորյունի գործը, այլև մեծապես ազդված է նրա բառաբարդության եղանակից։

Նույնքան, եթե ոչ ավելի, Գ. Նարեկացին ազդված է Սեկունդոս իմաստասերի ոճից, բայց այս մասին մի ուրիշ անգամ։

Ամբողջական երկեր, հ. IV, էջ 496-498


Հովհաննես Թումանյանի

«Նաղաշ Հովնաթան և նրա,

Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի սերը»

Ա. Չոպանյանը 1910 թ. Փարիզում հրատարակեց Նաղաշ Հովնաթանի տաղերը։ Հետևյալ տարին Հովհ. Թումանյանը այդ գրքի առիթով գրեց մի գրադատական, որ այժմ լույս է ընծայում առանձին տետրակով։ Հիմա, որ Վ. Բրյուսովի դասախոսության հետևանքով մի լայն հետաքրքրություն արթնացավ մեզանում դեպի մեր միջնադարյան երգիչները, շատ ժամանակին է լույս տեսնում այս հոդվածաշարքը։