Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/52

Այս էջը հաստատված է

հետո, բայց մինչև այսօր ժողովրդական լայն խավերում նա շարունակում է իր դրոշմը դնել ընթերցողի հոգու վրա, արթնացնել նրա մեջ ազզային գիտակցություն և արծարծել ազատամիտ գաղափարներ, խլելով նրան ավանդական աշխարհայացքի ճիրաններից և մղելով դեպի քննադատական վերաբերում մեր ագգային արժեքների հանդեպ։

Մտավորական դասն ազատագրված է նրա ազդեցությունից, բայց ընթերցող հասարակության խոնարհ խավերին նա շարունակում է մոգել իր ստեղծած անձերի և իր սիրած իդեալների հմայքով։ Նա շարունակում է ազդակ լինել հայի կուլտուրական կյանքում և նրա դերը դեռ չի վերջացել։ Մեռած մարդու հետ չէ, ուրեմն, որ մենք գործ ունենք, այլ նրա կենդանի հոգու հետ, որ դեռ շարունակում է ազդել։

Այդ մեծ տաղանդի ապրուն հմայքը ոչ միայն իր ներքին արժեքի մեջ է, այլև այն խնդիրների, որ մոտ էին Րաֆֆու սրտին և որոնց արծարծելուն և լուծելուն նա նվիրեց իր կյանքի մեծ մասը։ Այս խնդիրները մտացածին չէին, այլ բխում էին պատմական վայրկյանից և մեր կյանքից և նրանց շարքում «հայոց հարցը»՝ կամ որ նույն է՝ թրքահայ ժողովրդի վիճակի բարվոքումը այն կենտրոնական խնդիրն էր, որի վրա հառած էր 70-ական թվականների հայ մտավորականության և առանձնապես Րաֆֆու ուշադրությունը։ Այդ խնդիրը ուղղություն էր տալիս հասարակական մտքին ու տրամադրություններին. և ամեն ոք մեր հեղինակներից, որ իր անունը կապեց այդ հարցին՝ ունեցավ ծավալուն ժողովրդականություն։ Տաղանդը փայլ էր տալիս այդ խնդրին և խնդիրը բարձրացնում տաղանդի արժեքը։

Մինչև այսօր էլ, երբ ասում են Րաֆֆի՝ հասկանում են «Խենթի», «Ջալալէդդինի», «Կայծերի», «Դավիթ-Բեկի» և «Սամվելի» հեղինակին, և այդ երկերի անունը տալիս են ոչ այն պատճառով, որ մեծանուն վիպասանի մնացած գործերը պակաս ծավալ ունին կամ գեղարվեստական արժանիք, այլ որովհետև այդտեղ են արծարծված ու պաշտպանված այն հիմնական գաղափարները, որ մի քանի սերունդ են սնել, նրանց մեջն է ապրում այն բուռն ու անկեղծ հայրենասիրությունը, որ նրանց շունչն է կազմում և որ վարակել ու վարակում է ընթերցողներին։ Գամառ-Քաթիպա և Րաֆֆի, մեկը բանաստեղծ, մյուսն արձակագիր, երկուսը միասին ներկայացնում են մի ամբողջ պատմական շրջան, հայ մտքի մի որոշ և տիրական հոսանք, որ կերպարանափոխ եղած՝ շարունակում է ոռոգել մեր հասարակության լայն խավերի հոգեկան անդաստանը։

Իր տաղանդն ու գործը կարելի է որակել «հայրենաշունչ» բառով.