Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/53

Այս էջը հաստատված է

հայրենիքը կազմում է Րաֆֆու կենտրոնական մտահոգությունը։ Հայրենիքի գաղափարի տակ նա ըմբռնում է հայի հերոսական անցյալն ու անմխիթար ներկան և իր գունեղ վրձինը գործադրում է վերստեղծելու և պատկերելու թե մեկը և թե մյուսը։ Հայության թշվառ ներկայի դիմաց նա շքեղորեն ցուցադրում է մի բարեբաստիկ և անդորր ապագա և ավերի ու արյունի երկիրը նրա հայրենասիրական անուրջների մեջ ներկայանում է իբր քաղաքակիրթ ու խաղաղ աշխարհ։

Այս հմայիչ հեռանկարը իր ժամանակին և նրանից հետո շատ ազնիվ հոգիներ վառեց ու զինեց պայքարի համար, որոնք անձնվիրության և հերոսության անսովոր օրինակներ տվին հայության և ի զարմանս ամբողջ աշխարհի, որ կարծում էր, թե հայությունը մեռած է հոգով։ Երիտասարդությունը նրա հերոսների անուններն առնելով իր վրա՝ հետամուտ եղավ նրանց նմանիլ և այն, ինչ ծրագիր էր միայն, շատերն աշխատեցին և մասամբ հաջողեցան գործ դարձնել։

Այս տեսակետից վերին աստիճանի ուսանելի է Րաֆֆու գործը իբր մի նմուշ, որ ցույց է տալիս, թե մինչև որ աստիճան մեծ տաղանդներն ընդունակ են ըմբռնելու ժամանակի ոգին և միտումները և կաղապարելու իրենց ժողովուրդի կամքի, մտքի և զգացումի բնազդական վերելքը։

Մի քանի սերունդ մտածում, զգում և կամենում էր Րաֆֆու ստեղծած ձևերով և ընթանում էր նրա գծած շավղով։

Քառորդ դար է անցել նրա մահից հետո, եկել են նոր սերունդներ նոր աշխարհայացքով ու զգացումներով, որոնք հետամուտ են նոր իդեալների. բայց ոչ այն խնդիրն է լուծվել, որին նա ի սպաս դրավ իր ստեղծագործ տաղանդը և ոչ այն իդեալներն են դարձել անարժեք, որոնցով նա թովում էր իր ժամանակվա և հետագա սերունդներին։ Թրքահայ դատը շարունակում է մնալ անվճիռ և Հայաստանի ապագան՝ անստույգ։

Բայց Րաֆֆին անմահ է այլևս. անխզելի կապված է նա հայոց պատմության հետ. ոչ հայ մտքի և գրականության և ոչ հայ հեղափոխության պատմաբանը չի կարող անցնել նրա մոտից՝ առանց նրա դերն ու նշանակությունը պարզելու։ Նա կմնա կենդանի, որքան թրքահայի տառապանքը հեծեծում է ու օգնություն է կանչում Հայաստանից և նրա դերը կվերջանա այն օրը, երբ հայությունը կազատվի թյուրքական լուծից։

Հետագա դեպքերը ցույց տվին, որ մեր նորագույն պատմությունը գնում է այն ճամփով, որ գուշակել ու գծել էր Րաֆֆին, և իրավամբ նա համարվել ու պետք է համարվի մեկը հայ կյանքի ու մտքի ամենասրատես առաջնորդներից։

Հորիզոն, 1913, № 88