Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/54

Այս էջը հաստատված է
Ղ. Աղայան

Նրան ճանաչողներից ոչ մեկը դեռ չի հաշտված այն մտքի հետ, թե այդ հոյակապ ծերունին չկա այլևս։ Նրա հմայքն ապրում է մեզանում և ամեն անգամ, երբ գրչի և դպրոցի մարդիկ խմբվում են մի տեղ, թվում է, թե ահա ներս կմտնի նա իր զվարթ և աշխույժ դեմքով և ախորժ տրամադրությամբ վարակելով ամենքին։

Մարդը նրա մեջ գերակշում էր հեղինակին, նա ինքը ստեղծող լինելուց առաջ արարչության ներդաշնակ ստեղծագործություններից մեկն էր և իր անձն ու օրինակը նույնքան կրթիչ էր, որքան իր պայծառ լավատեսությամբ համակված երգերը։

Կարծես կյանքում չէր ապրում, այլ սավառնում էր նրա վրա։ Իր բարձր հասակը խորհրդանշում էր նրա բարձր հոգին, որ վերից նայում էր աշխարհի մանրուքին իր մանկական աչքերով։

Կյանքի դառնությունները, հակառակորդների հալածանքը, ողորմելի շրջապատը կարծես հազիվ ողողում էին նրա ոտները միայն. ինքը քայլում էր այդ ամենի մեջ հաստատուն ու անշեղ՝ միշտ մնալով անկեղծ, միամիտ, սրտաբաց։

Չարիքն անծանոթ մնաց նրա հոգուն, ատեց շատ բան մեր կյանքում, խորապես ատեց գաղափարներ ու գործեր, որովհետև խորապես սիրում էր բարին ու լուսավորը, բայց իր ատելությունը չհասավ քինախնդրության, այլ միշտ մնաց գաղափարի սահմաններուն։ Նա գիտեր մարդուն տարբերել նրա գործից ու գաղափարներից և զինվելով մեկի դեմ, ներողամիտ էր դեպի մյուսը։

Նրա վարմունքի մեջ ինչ որ հայրական բարություն կար, որ գրավում էր ամենքին, որեղի մեծահոգությունը և փորձված մարդու իմաստությունը, կարծես։

Իր սիրածը կյանքի մեջ բարին էր և հերոսականը, որ իր բնավորության հիմնական գծերն էին կազմում և արտահայտություն գտան իր գրվածքներում։

Հերոսաբար դուրս եկավ նա գյուղական խավարից մտավոր լույսի հասնելու համար, անհամար նեղություններ կրեց իր երկար ճամփին, աշխատանքով և տաղանդով հաղթեց ամեն արգելքի և բոլոր դիվական փորձություններից դուրս եկավ անարատ հոգով, առանց դառնության ու դաժանության։ Հերոսական պայքարը կոփեց նրա հոգին՝ առանց կոշտացնելու և փորձանքների միջից դուրս գալով՝ նա պահպանեց