Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/57

Այս էջը հաստատված է

Նա հանդես եկավ այն ժամանակ, երբ թվում էր, թե ռուսահայությունը ամուլ է այլևս և անընդունակ Գամառ-Գաթիպայից հետո բանաստեղծական նոր տաղանդներ ծնելու։ Նրա գիրքը այնքան ավելի անակնկալ եղավ իր ժամանակին, որքան քիչ հույս էր նկատվում նոր բանաստեղծ տեսնելու։ Հասկանալի է այն բուռն հետաքրքրությունը, որ առաջ բերեց բանաստեղծությանց այդ ժողովածուն՝ երեք մեծ հոդվածների նյութ դառնալով «Աղբյուրում» և «Մուրճի» մեջ։

Հովհաննիսյանն իր գրքով նշան էր, որ արթնանում է բանաստեղծական ոգին մեզանում և նրան շուտով ընկերացող Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանն ու Լ. Մանվելյանը այլևս կասկած չթողին այդ մասին։ Նրանցով հայ բանաստեղծության մեջ սկսում էր մի նոր շրջան։

Այդ նոր շրջանի կարապետը լինելու պատվից դուրս՝ Հ. Հովհաննիսյանը բերում էր իր հետ նոր տրամադրություն և նյութի մշակության ավելի կատարյալ ձևեր։

Այն ժամանակ, երբ կազմավորվում էր Հ. Հովհաննիսյանի տաղանդը, հայությունը Ռուսաստանում և այլուր ապրում էր իր առաջին հիասթափությունը։ Բեռլինի 61-րդ հոդվածը ոչինչ բարվոքում չբերեց հայ տառապանքին։ Երբեմն ծաղկած հույսերը հայության՝ թոշնում էին արդեն և Կովկասում սկսվել էր մի հետընթաց շարժում, թե ազգային և թե կառավարչական շրջանակներում։ Այդ այն ամուլ շրջանն է մեր կյանքում, որ կոչվում է 80-ական թվականներ։ Մամուլը շարունակում էր ծամծմել մի անգամ արդեն հայտնված գաղափարները, գրականությունը հանդես չէր բերում նոր դեմքեր ու երևույթներ և ամենքին համակել էր մի ընդհանուր թմրություն, իսկ բոլոր զգայուն հոգիների մեջ տեղ էր բռնել մի ընդհանուր տրտմություն, որ արտահայտություն գտավ Հ. Հովհաննիսյանի երկերում և դարձավ նրա տաղանդի բնորոշ կողմերից մեկը։

Հին հույսերը խորտակված էին չարաչար, նոր հույսեր դեռ չէին արթնացել հասարակության մեջ. հին ուղիները լքված էին արդեն, նոր ուղիներ դեռ չէր գտել հասարակական միտքը, վստահությունը կորել էր կյանքի վրա և բանաստեղծի հետ հասարակությունը մնացել էր «Երկու ճանապարհի» դեմ, առանց որոշել կարողանալու, թե դրանցից ո՞րն է պատրաստում կյանքն իրենց համար և առանց կորով ունենալու ընտրել այս կամ այն ուղին։

Այն ազգային-քաղաքական իդեալները, որոնք ոգևորում էին Հ. Հովհաննիսյանի նախընթաց սերնդին, որոնք հույզ ու բուռն ապրումներ էին տալիս նրանց, որոնց խորապես հավատացած՝ պայքարում էին հայի քաղաքական թմրության և բարոյական անշարժության դեմ - այդ