Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/59

Այս էջը հաստատված է
Հ. Թումանյանի «Քաջ Նազարը»

Հովհ. Թումանյանի այս նոր գրքույկը նույնքան շնորհալի և հրահանգիչ գործ է, որքան այն բոլոր մանկական գրվածքները, որ դուրս են եկել նրա գրչի տակից։ Հրատարակությունն ևս կատարված է սովորական խնամքով և զարդարված 6 գունավոր պատկերներով, որ նկարել է Րոտտեր, միակ շնորհալի նկարիչը, որ օտարազգի լինելով՝ կարողանամ է գույնի ու գծի շնորհիվ հաջողապես արտահայտել Կովկասի գրողների հղացումները։

Հեղինակն այս գրվածքի մեջ ևս օգտագործում է մեր ժողովրդական անգիր բանահյուսության անհատնում շտեմարանը, իր ընտրած նյութը մշակելով հայ ժողովրղի ոգով ու ոճով։

«Քաջ Նազարի» նյութը իր էությամբ միջազգային է, բայց նա ստացել է իր հատուկ երանգը, մշակությունն ու մեկնությունը մեր ժողովրղի բերանում և Հովհ. Թումանյանի գրչի տակ։

Այս նյութի եվրոպական տարբերակն է «Անվախ դերձակը», որ տարիներ առաջ հրատարակված է հայերեն, նույնպես գունավոր պատկերներով և թարգմանված է հռչակավոր Գրիմ եղբայրների մշակած օրինակից։ Նույն հեքիաթի տարբերակները կան նաև վրացերեն, թուրքերեն և քրդերեն։

«Քաջ Նազարի» նյութը խորապես հոգեբանական է և իմաստասիրական. նա ցուցադրում է մի ամբողջ աշխարհայացք՝ հանդուգն ու տրտում։ Մի Սերվանտես նրանից կարող էր կերտել մի նոր Դոն-Քիշոտ։ Հովհ. Թումանյանի ձգտումները այդքան խիզախ չեն. նրա նպատակը պարզ է. նա աշխատում է այդ նյութը տալ իր ազգային կերպարանքի մեջ, նույնքան խոշոր ու հիմնական գծերով, ինչպես մշակելով ստեղծել է հայ ժողովուրդը։

Ժողովրդական ստեղծագործությունը, սակայն, հաճախ ունենում է բազմաթիվ շեղումներ, նրա վրա նկատվում են մի քանի շերտեր, որոնք ժամանակի ընթացքում եկել նստել են բուն նյութի վրա և երբեմն ձևափոխել, բայց հաճախ կերպարանափոխել են նախնական հղացումը։ Այդ շեղումներն ու շերտերը հիմա շատ դժվար է իրարից ջոկել և միմիայն երկարամյա և ուշադիր քննությունը կարող է պարզել ու որոշել մի կողմից նյութի հիմնական ընթացքը և նրա շեղումները, մյուս կողմից նրա նախնական կերպարանքն ու հետագա շերտերը և սրանց նստելու ժամանակները։