Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/6

Այս էջը հաստատված է

հարափոփոխ մտքիս ու զգացումիս շոշափելի և հավատարիմ հետքերն են սրանք, որոնց ներքին միությունը իմ անձն է միայն։ Արտաքուստ անկապ խոսքեր են սրանք մի գործող անձի և նշանում են (սկզբնապես եղել է՝ մատնանշում են, հետո ջնջել է - Գ. Ա.) բարոյական ու մտավոր մի ընթացք, որ չի վերջացած...

Կարող եմ վկայել, որ ամեն մի տող գրված է շիտակ մտքով, սրտանց ու սրտաբաց, ինչպես մտերմական մի նամակ։ Ստորակետս անգամ ազատ է ամեն կողմնակի նկատումներից։ Առաջին իսկ օրվանից ձգտել եմ հավատարիմ թարգմանը լինել մտածումիս ու զգացումիս։ Մի ջերմ հավատ է նշմարվում այս հոդվածներում դեպի ազնիվն ու գեղեցիկը, արդարն ու ճշմարիտը, որ դեռ ապրում է իմ մեջ, թեև «այսօր» այնքան տեղին չեմ համարում նրանց մարմնացումը, ինչպես քսան և չորս տարի սրանից սաաջ...

Համաձայնեցի, որ հավաքվեն ու մի անգամ ևս լույս ընծայվին իմ ցաք ու ցրիվ գրությունները։ Գիտեմ՝ թերատ են, շատերը սակավարժեք ու բոլորը անկատար։ Բայց ինձ թվաց, թե անօգուտ չէր լինի սրանց ընթերցումը դեռատիներին։ Ու եթե իրոք երազուն ու դեռատի գլուխներ երբեմն հակվին այս էջերի վրա՝ հաճույք զգալով նրանց ընթերցումից, եթե կարենան այս անկատար ու <տրտում> ճիգերն իմ մտքի և զգացումի ազնիվ հույզեր հարուցանել նրանց անփորձ ու անամպ հոգում՝ մղելով դեպի ազնիվ ապրումներ - չպիտի զղջամ, որ այս էջերն ազատվեցին ամսագրական փոշիներից։

Երկար տարիներ դատել եմ անձեր ու գործեր. այսօր հերթն իմն է, որ դատեն։ Կցանկայի, որ այս էջերին վերաբերվին նույնքան շիտակ, սրտանց ու սրտաբաց, որքան ինքս եղած եմ ուրիշների հանդեպ։

1920, 20 ապրիլ, Երևան

Ն. ԱՂԲԱԼՅԱՆ
ԳԱԹ, Գ. Լևոնյանի ֆոնդ, գ. 2644