Բայց եվրոպական հեքիաթում կա մի մանուկ, որ տեսնում է ճշմարտությունը, իսկ ասիական հեքիաթում միայն ձին է հասկանում, թե ի՜նչ անպետքի մեկն է նստած իր վրա։
Ավելի հեռուն չէր կարող գնալ մեր ժողովրդի սարկազմը. անբան անասունն ավելի իմաստուն է, քան բանական մարդը, որ չգիտե լավը վատից ջոկել, կեղծն ու իսկականը տարբերել և ստրկանալով իր իսկ ինքնաներշնչումին՝ դառնում է Նազարների հլու հպատակը։
Եվրոպական հեքիաթում ամեն նոր սերունդ ճանաչում է հնի մերկությունը և այսպես կեղևում է մի պատրանքը մյուսի ետևից. ասիական հեքիաթում իշխում է անմխիթար անշարժությունը մի անգամ տիրապետած պատրանքների դեմ։
Բայց մեր «Քաջ Նազարի» համար սա մի շեղ իդեա է. բուն նյութը ապրում ու զարգանում է ուրիշ գաղափարով - բախտի իդեայով։ Հեքիաթն ասում է, որ աշխարհում քաջությունը, խելքն ու հանճարը ոչինչ են, բախտն է գլխավորը։
Արդ՝ ի՞նչ է բախտը մեր ժողովրդի այս հղացումին նայելով։ Բախտն այլ բան չէ, քան հանգամանքների հաջող դասավորություն և աննպաստի նպաստավոր մեկնություն։ Շրջելով այս որոշումը՝ կարելի է ասել, որ անբախտությունը այլ բան չէ, քան հանգամանքների անհաջող դասավորություն և նպաստավորի աննպաստ մեկնություն։
Ճշտենք այս որոշումը հեքիաթի վրա։
Ահա մի շարք հանգամանքների հաջող դասավորություն. Նազարենց գյուղի քահանան մի սրամիտ մարդ է. ծաղրի համար նրա ձեռքն է տալիս մի դրոշակ, վրան գրած՝
Անհաղթ հերոս քաջն Նազար
Որ մին զարկի ջարդի հազար։
Քահանան ակնարկում է Նազարի սպանած ճանճերին, բայց այդ դրոշակը դառնում է Նազարի բախտի բանալին։
Նազարը մտնում է անտառ և այդ ժամանակ մի վախկոտ գյուղացի է անցնում ձիով։ Նազարն ընկնում է հարսանիք և գտնվում են սնափառ մարդիկ, որ աչքի ընկնելու համար հնարում են չեղած սխրագործություններ ու կապում Նազարի անվան։ Նազարի հռչակը իրանից առաջ հասած է լինում յոթ հսկաներին, որով Նազարի բանը հաջող է գնում։ Վագրը գալիս է ճիշտ Նազարի ելած ծառի տակն է պառկում. լեղապատառ Նազարը ճիշտ վագրի մեջքին է ընկնում և հաջողում է կպած մնալ առանց վայր ընկնելու։ Կռվի ժամանակ ծառի ճյուղը փտած է դուրս գալիս։