Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/66

Այս էջը հաստատված է

յոթ հսկաների արկածները։ Նրա հզոր անդամատիչ դանակի տակ այդ հսկաներն ևս չէի՞ն դուրս գալ մի-մի Քաջ Նազար։

Ժոդովուրդներն ընդունել և մինչև այսօր էլ ընդանամ են հսկաների գոյությունը, և Հովհ. Թումանյանը այս հեքիաթը տալով ժողովրդի հղացումի համեմատ, ոչ միայն հավատարիմ է մնացել մեր ժողովրդի իմաստության, այլև հագուրդ է տվել իր իսկ բնույթի պահանջներին, որովհետև նա ինքը ընդունում է բարոյական ու մտավոր հսկաների գոյությունը աշխարհում։

Բայց և հոռետես բանաստեղծի համար Քաջ Նազարը շատ հարուստ նյութ է, եթե նրան մշակե Գոգոլի «Մեռած հոգիների», Դանտեի «Աստվածային կատակերգության» կամ Սերվանտեսի «Դոն Քիշոտի» նման, այսինքն ճամփորդել տալով Քաջ Նազարին. ու հանդիպեցնի ուրիշ Նազարների, որոնցից ամեն մեկը Քաջ է իր շրջանում՝ մինչև հետին ռամիկը, որ Քաջ Նազար է առնվազն իր կնոջ և երեխաների աչքում։ Դա կլիներ պատրանքի հսկայական ջախջախում...

Իսկական արվեստի ամեն մի արգասիք մի պատուհան է՝ բացված տիեզերքի ու մարդկության վրա։ Նայեցեք այժմ ժողովրդական այս հանճարեղ ու համարձակ հղացումի միջից ձեր շուրջն ու ձեզ վրա և տեսեք, թե որքան երևույթներ ու դիտողություններ գալիս խտանում են այս հանճարեղ ձևի մեջ և որպիսի պայծառ լույս է ընկնում այնտեղից մարդկային պատմական և առօրյա կյանքի վրա...

Այո՛, մինչև այսօր էլ թագավորում է Քաջ Նազարը և իրավունք ունի ծիծաղելու այս հիմար աշխարհի վրա։ Նա ապրում է ամեն տեղ և հսկաներն ու ժողովուրդները ծառայում են նրան, քծնում են առաջը և տարածում են նրա հռչակը, զորացնելով նրա հմայքը։

Քաջ Նազար են ոչ միայն մարդիկ, այլև գաղափարներ, տեսություններ, հիմնարկություններ, որոնք սնամեջ են, ոչինչ, անարժեք և սակայն աշխարեն առել են իրենց բռի մեջ և ծիծաղում նրա վրա։ Ու քանի կա մարդկային սնափառությունն ու վեհերոտաթյունը և ինքնաներշնչումի ու նախապաշարման անիծյալ հակումը՝ դեռ մարդկությունը շատ կտեսնի Վախկոտ Նազարների Քաջ Նազարներ դարձած։

Մենք չենք կարող սպառել այն բոլոր երևույթները, որոնց խտացումն ու մեկնությունն է մեր ժողովրդի այս հանճարեղ հղացումը։ Մշակված մի մեծ տաղանդի ձեռքով՝ նա կա և կմնա մեր գրականության լավագույն արտադրություններից մեկը, որ ունի բոլոր մեծ ստեղծագործությանց անկասկածելի կնիքը - լինել մատչելի և թելադրական մանուկին ու մեծին և ազգի բոլոր խավերին։