Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/67

Այս էջը հաստատված է

Հովհ. Թումանյանը գնում է մի ճամփով, ուր վաստակել և մանավանդ թե՝ վաստակելու է անանց փառք մեր գրականության մեջ։ Այդ ճանապարհն է. տոգորվել մեր ժողովրդի զգացումով ու մտածումով, ըմբռնել նրա հանճարը և գուշակել նրա իդեալը գեղեցկի աշխարհում, և իր անհատական մտքերն ու զգացումները ապրել նրա ստեղծած հավերժապես գեղեցիկ, հզոր ու հոյակապ կառուցումների մեջ։

Սրանով բարձրանում է ինքը և բարձրացնում մեր ժողովրդին, որովհետև արվեստի ամեն մի գործ մեկնությամբ ու վերապրումով է մեծանում։

Ավելորդ եմ համարում խոսել Հովհ. Թումանյանի լեզվի մասին, թեկուզ և ունենայի ինչ-ինչ մանր դիտողություններ։ Նա ինքը հայ լեզվի ստեղծողներից մեկն է. նա բանաստեղծ է, «ոտից մինչև գլուխ», ինչպես Լիրը՝ թագավոր, այսինքն նա ստեղծում է մեր ազգային բանը, որ խոսք և իմաստ է նշանակում միանգամայն։ Իսկ ուր խոսում է բանաստեղծը, քերականը լռում է։

Հորիզոն, 1912, №№ 232-233


Ալ. Ծատուրյան

Նրան ճանաչում են ամենքը՝ դպրոցական, թե գրասեր. իր ոտանավորը սերտում են դասարանում, արտասանում երեկույթներին, երգում ժամանցին։ Գրադատը՝ առիթ եղած ժամանակ՝ նրա մասին նպաստավոր խոսք է ասել մամուլում։ Նրա մասին ոչ խանդավառ գովեստ է եղած, ոչ չարախանձ պարսավ։ Ինքն անծանոթ մեծ կրքերի՝ կրքեր չի հուզել ուրիշների մեջ. ոչ ունեցել է իր անունով երդվողներ, ոչ էլ եղած է անեծքի բաժին։ Համակրանքով խոսել են նրա մասին և գնահատել իր համեստ վաստակը։ Հասարակությունը նրան ճանաչել է բարեկամ և հոբելյան կազմելով՝ հարգահատույց եղել հրապարակով։

Նա տեղ ունի գրական այն շարքի մեջ, որ Ս. Շահազիզից գալով և Հովհաննիսյանին մեջ առնելով՝ հասնում է Վ. Տերյանին։ Այդ շարքին զուգահեռ ձգվում է ուրիշ շարք՝ Խ. Աբովյան, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան։ Ա. Ծատուրյանը կանգնած է Հ. Հովհաննիսյանի և Վ. Տերյանի արանքում։

Իր շնորհքը համեստ է և շունչը կարճ։ Հեղինակել է քնարական ոտանավորներ, ու թեև թարգմանել է ռուս մեծանուն բանաստեղծների՝ Պուշկինի