Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/68

Այս էջը հաստատված է

և Լերմոնտովի ստեղծագործությունները, բայց ազդված է Երկրորդական հեղինակներից՝ Պլեշչեև, Ֆրուգ, Նադսոն, Նեկրասով։

Մեր գրականության մեջ նա հանդես է եկել իբր թարգմանիչ և ինքնուրույն հեղինակ։ Իր ինքնուրույն վաստակներով նա արձագանքել է ժամանակի տիրող գրական ձայներին, յուրատեսակ մի շեշտով, որ բավական չէ եղած մի նոր եղանակ ստեղծելու, բայց բավարար է եղած իր ուրույնությունը ուրվագծելու։ Իր թարմ օրերին տիրաբար իշխում էր Գամառ Քաթիպան իր ոճով ու մոտիվներով, Ա. Ծատուրյանը նվագում է վարպետին ներդաշնակ։ Երևում է մեզանում Հ. Հովհաննիսյանը, իսկ Ռուսաստանում համատարած հռչակ է ստանում Նադսոնը - Ա. Ծատուրյանը դաշն է նրանց տրամադրության և ապրումներին։ Ծագում է Ա. Իսահակյանի ինքնատիպ տաղանդը և իր շողերով տաս տարի ներկում է հայոց բանաստեղծությունը - այդ շողերով գունավորվում է Ա. Ծատուրյանը։ Հայտնվում է Վ. Տերյան. ու թեև հանգուցյալը բավական ճկուն չէր այլևս նոր ապրումների համար, բայց խնամքով աշխատում է ուղեկցել երիտասարդ բանաստեղծին ձևի մշակման գործում։

Ուշադիր ու համակիր հետևում է հայ կյանքի անց ու դարձին և հասարակության տրամադրության ելևէջին. մերթ հորդոր է կարդում, որ չվհատեն, մերթ տրտմում է մեղմակի։ Այսպիսով արձագանքում է ոչ միայն գրական ձայներին, այլև տիրող տրամադրության հառաչին ու կանչին։

Իր շնորհքի հիմնական գծերը մեղմ են. իր ծաղրը - կատակ։ Իր ապրումները համեստ են իր շնորհքի նման։ Ոչ մի խիզախ պատկեր կամ մտածում չի հղացել նրա շնորհքը, այդ պատճառով սիրելի է միջին ընթերցողին։ Ոչինչ ունի խորիմաստ, մթին, տարերային, բնազդական, ամեն ինչ պարզ է, մերկ, միջակ։ Իր հայացքները տիրող հայացքներն են, իր ճաշակը - հասարակաց է. իր գրելու ձևերը – տարածվածը։ Բարեկամ է լավ տրամադրությանց, քաջալեր է բարի գործերի, գովաբան է օգտակար ձգտումների - այդ լավը, բարին և օգտակարը ընթացիկ ու հանրացած առումով։ Ընդհանուր առմամբ հաշտ է շրջապատի և բախտի հետ. իր տրտունջն ու տրտմությունը ներդաշնակ են սովորական տրտունջին ու տրտմության, անվնաս մարդ է իր ապրումներով և դուրեկան հեղինակ իր ձևով։

Մտքեր, որ ծնել են կարող գլուխներ՝ նրա գրչի տակ ստանում են դյուրատար ու չափածո ձևեր, տրամադրություններ, որ ապրել են զորեղ հոգիներ, նրա շնորհքից անցնելով՝ հագնում են պարզունակ տողեր։ Համեստորեն վերապրում է ուրիշի զորեղ տրամադրությունը և միջակորեն վերակերպում ուրիշի զորեղ մտածումը։ Մի համեստ առու՝ առնված շառաչուն