Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/7

Այս էջը հաստատված է

Հայ գրականության պատմություն

Գրականության պատմություն

Ամեն ինչ տևում է հորինելու ժամանակ և ուրեմն ունի մի ընթացք։ Այդ տևանքը պետք է մտովին ընդհատենք ու զատենք, որ կարենանք ընդգրկել։ Գործնական կյանքի պահանջն ստիպում է երևույթներ հորինել և տալ նրանց սկիզբ, միջոց ու վախճան։ Իսկությունը մի անկտուր տևանք է, որ ունի անսահման անցյալ և անհնարին վախճան։ Մարդկային մտածումներն անծիր մտորումներ կդառնան, եթե տևանքը չմասնատենք և դրանով իսկ առարկաներ ու երևույթներ չհորինենք։

Ինչ որ տևում է՝ հորինում է պատմություն, այսինքն հաջորդական փուլերի մի շարան։ Պատմությունը տարանջատ երևույթների կենսագրությունն է, այսինքն նրանց երևումը, տևումն ու չքացումը իբր մի տարանջատ երևույթ։ Այս հաշվով գրականության պատմությունը նրա կենսագրությունն է։ Այս ըմբռնումը իբր հիմք ունի մի որոշ վերացում։ Համագույքի միջից մարդկային միտքը դատում, անջատում է մարդկային մի խմբակցություն, որ ունի ընդհանուր լեգու և այդ խմբակցությունը համարում է ազգ։ Այդ ազգի բազմազան կյանքից նույն մարդկային մտածումը զատում և անջատում է նրա հոգեկան կյանքի գրավոր արտահայտությունը և համարում է գրականություն։ Այս տարանջատ նոր գոյակը, որ մի վերացում է ինքնին, դիտում ենք իր ընթացքի մեջ, արձանագրում ենք նրա հաջորդական փուլերը և հորինում ենք նրա կենսագրությունը։

Ինչպես մանուկը մտածում, զգում ու կամենում է մինչև խորին ծերություն, այնպես և ամեն ազգ իր ծագման օրից, այսինքն այն վայրկյանից, երբ իրան գզում ու գիտակցում է իբր ուրույն հավաքական գոյակ, մինչև իր վախճանը, երբ դադարում է իրան իբր ուրույն ազգ զգալ ու գիտակցել՝ նա մտածում, զգում և կամենում է. և որքան իր ոգեկան կյանքը գրավոր արտահայտություն ունի իր լեզվով, այնքան տևում է նրա գրականությունը։ Ազգ ու գրականություն մեռնում են այն ժամանակ, երբ դադարում են իրենց լեզուն խոսել և այդ լեզվով գրավոր արտահայտել